Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայից Հայաստան վերադարձած հայը. «Հասարակ մանկավարժ եմ, բանի տեղ չեն դնում»

Հուլիս 10,2019 13:30

Թորգոմն ընտանիքով ուզում է հաստատվել Հայաստանում, ասում է՝ պետական որ դուռը թակում է՝ ոչ մի աջակցություն չի ստանում

Թորգոմ Տեր-Մկրտչյանը կնոջ եւ երկու մանկահասակ երեխաների հետ հունիսի 22-ին Չեխիայից վերադարձել է Հայաստան, ուզում է մշտապես հաստատվել, եկել ու շիվարած է մնացել, ում դուռը թակում է՝ ուղարկում են հեռու-հեռու:

Թորգոմն ասում է՝ մտադիր է Չեխիայում իր լավ աշխատանքն ու կյանքը թողնել, ընտանիքի հետ մնալ այստեղ, բայց նախ աշխատանք է պետք, պետական որ կառույցին դիմում է՝ գոնե նախնական խորհրդատվության, աջակցության համար, որեւէ մեկը ոչ մի տեսակի աջակցություն չի ցուցաբերում:

Թորգոմ Տեր-Մկրտչյանը պատմում է, որ երիտասարդ տարիներից քաղաքական գործընթացներում շատ ակտիվ է եղել, հայրն էլ 88-ի շարժման ակտիվ մասնակիցներից է եղել: Բայց 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո լրիվ հուսահատ ու հիասթափված լքել է Հայաստանը, ասում է՝ այլ ելք չուներ:

«Երբ տեսնում ես քաղաքական հետապնդումները, ճնշումները, տեսնում ես, որ չես կարող դրա դեմ պայքարել, մտածում ես՝ կամ կխենաթանաս կամ դուրս կգաս աննորմալ պայքարի կամ ուղղակի պիտի լքես: Վերջինն էր իմ ելքը»,-պատմում է Թորգոմը:

2008-ին մեկնել է Չեխիա, շատ կարճ ժամանակ անց քաղաքացիություն է ստացել, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, անգլերեն լեզու է դասավանդում: 2009 թվականին Չեխիայի հանրապետության Ուպիցե քաղաքի գիմնազիայում անգլերեն է դասավանդել, հետո Չեխիայի մայրաքաղաք Պրահայում է գործի անցել, մինչ օրս անգլերեն լեզու է դասավանդում Չեխիայի՝ ԵՄ վարչական աշխատողների միջնակարգ դպրոցում:

Մի քանի տարին մեկ անգամ այցելում էր Հայաստան, ծնողներն այստեղ են ապրում, անգամ 2015-ին «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ այստեղ է եղել, ցույցերին էլ մասնակցել է:

Հեղափոխությունից առաջ էլ միտք ուներ Հայաստան վերադառնալ, բայց ինչպես Թորգոմն է ասում, անընդհատ ինչ-որ հանգամանքներ խանգարում էին, իսկ հեղափոխությունից հետո ոգեւորվեց ու վերջնական որոշում կայացրեց ու եկավ:

«Արարատի մարզից եմ, միայնակ հայտնվեցի է Չեխիայում, ինքնուրույն աշխատանք գտա: Հիմա բարձր աշխատավարձ եմ ստանում, առողջապահական ապահովագրություն ունեմ, բնակարան եմ գնել, երեխաներս Չեխիայի քաղաքացի են, ես անընդհատ մասնագիտական վերապատրաստումներ եմ անցնում, լավ ընկերներ ունեմ Պրահայում: Բայց ես ուզում եմ ապրել Հայաստանում, սա իմն է, իմ տունը, ուզում եմ իմ տղաները Հայաստանում մեծանան, չեմ ուզում այլ միջավայրում մեծանան, բայց այսօր այնքան խնդիրների առաջ եմ կանգնել, եթե ամեն վերադարձող այսպիսի խնդիրների հանդիպի, արդեն քչերը կցանկանան վերադառնալ Հայաստան: Մինչդեռ դրանք այնքան հեշտ լուծելի խնդիրներ են, պարզապես կառավարությունը պետք է աշխատի»,-պատմում է Թորգոմը:

Նա պատմում է, որ միտք ունի Արարատի մարզում լեզվի դպրոց հիմնել, բայց դա առաջիկայում, հիմա իր մասնագիտությամբ աշխատանք է փնտրում, ցանկություն ունի կրթական իր փորձը ներդնել, աշխատանք է փնտրում պետական հատվածում, մանավանդ որ կառավարությունն էլ նման կոչ է արել, լավ մասնագետներ է փնտրում: Պետական հատվածում ցածր աշխատավարձն էլ, ինչպես Թորգոմն է ասում, չի վախեցնում, ասում է խնայողություններ ունի, կինն էլ կաշխատի, նորմալ կապրեն, միայն թե Հայաստանում ապրեն:

«Անցած շաբաթ զանգահարել եմ կառավարություն, ասել եմ՝ Չեխիայից եմ վերադարձել, ուզում եմ այստեղ մնալ, աշխատանք եմ փնտրում, ինչպես կարող եք աջակցել: Ասում են՝ վարչապետին դիմում գրեք: Ասում եմ ՝վարչապետն ուրիշ գործ չունի, պիտի իմ գործով զբաղվի՞, դուք չունե՞ք մի աշխատող, որը կզբաղվի վերադարձածների հետ: Ասում են՝ դե սփյուռքի նախարարությունը չկա, այն կառույցն էլ, որ սփյուռքի հայերի հետ պիտի աշխատի, նոր է ձեւավորվում: Ախր մի պաշտոնյա չկա, որը կարող է վերադարձողին ընդունել, ծանոթանալ, գնահատել նրա կարողությունները, տեսնի ինչ հնարավորություններ ունի տվյալ անձը, ինչպես կարող է հայրենիքին օգտակար լինել, ինչ աշխատանք կարող են առաջարկել: Ապշել եմ անտարբերությունից: Շատ տեղեր եմ դիմել, ոչ մի արդյունք: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին եմ գրել, դե որպես կրթության նախարարության պաշտոնյա, ասել եմ, որ օտար լեզու եմ դասավանդում, աշխատանք եմ փնտրում, նա էլ ասաց՝ ես էդ հարցերով չեմ զբաղվում: Նախօրեին էլ ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջին եմ նամակ գրել, տեսնեմ՝ ի՞նչ կպատասխանեն»,-պատմում է Թորգոմը:

Նա նախարար Արայիկ Հարությունյանին էլ է գրել, այցելել է այս նախարարության կադրերի բաժին. «Այստեղ ինձ ջերմ ընդունեցին, երբ իմացան, որ կրթության մասնագետ եմ, չափորոշիչների մշակմամբ կարող եմ զբաղվել: Այդտեղ աշխատող կինն անգամ ասաց՝ խնդրում եմ, հետ չգնաք Չեխիա: Բայց եթե ես որպես մասնագետ պետք չլինեմ՝ հետ կվերադառնամ: Եվրոպական շատ երկրներում եմ եղել որպես դասավանդող, ես կարող եմ փորձի փոխանակման ծրագիր իրականացնել:

Ես վիրավորված եմ, որ մարդը սփյուռքից վերադառնում է հայրենիք, ու չկա մի կառույց կամ պաշտոնյա, որը գոնե իրավաբանական խորհրդատվություն կտա, կուղղորդի՝ ո՞ր հաստատություն դիմի անձը: Եթե ես միլիարդատեր լինեի՝ հիմա ինձ բոլորը կդիմավորեին ծափահարություններով, բայց եթե հասարակ մարդ եմ, մանկավարժ եմ, բանի տեղ չեն դնում»:

Թորգոմն ասում է, երբ արդեն որոշել էր վերադառնալ Հայաստան, կապվել էր «Վերադարձ Հայաստան» կազմակերպության հետ. «Ես տեսա որ նախագահն էլ հանդիպել էր այս կազմակերպության ներկայացուցիչների հետ, իր աջակցությունն է հայտնել, որ մարդիկ վերադառնան: Ավելի շատ վստահությամբ լցվեցի: Կապվեցի նրանց հետ, խոսեցի, ասացին՝ եկեք, կաջակցենք: Եկա գնացի իրենց գրասենյակ, պարզվեց, ոչ մի աջակցություն»:

Թորգոմ Տեր-Մկրտչյանը թեեւ վրդովված է, բայց դեռ հույսը չի կորցնում, ասում է՝ ուզում է տեսնել իր քաղաքացիների, հայրենիք վերադարձածների նկատմամբ հոգատար պետություն, ասում է՝ եթե նախկին իշխանությունը գոնե ձեւական այդպիսին էր, սփյուռքի նախարարը այդպես էր ցույց տալիս իրեն, նոր իշխանությունը դա էլ չի անում. «Այդ որոշ պաշտոնյաններն իրենց վերաբերմունքով կարծես ասեն՝ ուզում ես մնա, չես ուզում՝ գնա: Ես այդ մարդկանց ինչպես բացատրեմ, որ Հայաստանը շատ եմ սիրում: 2014-ին երբ տուն գնեցի Հայաստանում, նույն օրը հասկացա՝ հիմա առավել քան երբեւէ ուզում եմ վերադառնալ Հայաստան: Հայկական պոեզիան շատ եմ սիրում լսել ձայնասկավառակներով, հաճախ վախից չէի ուզում լսել, որովհետեւ հենց գիշերը կարող էի ճամպրուկներս հավաքեի ու գայի: Հեղափոխությունից հետո մտածեցի շատ բան փոխված կլինի ու եկա: Երբ վերադառնալու մասին խոսում էի՝ ընկերներս, այնտեղի հայերը զարմանում էին: Ես սոցցանցերում քաղաքական ակտիվ գրառումներ էի անում, անարդարությունը չեմ հանդուրժում, նախկին իշխանության ժամանակ շատ սպառնալիքներ եմ ստացել, մորս էին սպառնացել, ասում էին՝ երբ ոտդ դնես Հայաստան՝ գլուխդ ջարդելու ենք: Բայց մեկ է, եկա»:

Թորգոմը նաեւ օտարազգի ընկերներին է Հայաստանով «գայթակղել», հերթով գալիս են Հայաստան՝ շրջագայելու, ասում է՝ եթե մասնագիտությամբ աշխատանք էլ գտնի՝ Չեխիա վերադառանալու մասին չի մտածի, թեեւ այնտեղ իր կյանքը անհոգ էր ու կայացած էր:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031