Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը նույն գործով ունի երկու իրարամերժ որոշում

Հուլիս 10,2019 13:00

Վարչական դատարանը գյումրեցի Շուշանիկ Տրդատյանի հայցն ամբողջությամբ բավարարել էր: Որոշել էր «Հայաստանի Հանրապետության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 19.08.2014թ. իր ընտանիքի մասով կայացված միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչել»:

Դատարանը պարտավորեցրել էր նշյալ հանձնաժողովին կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում Շուշանիկ, Նիկոլայ Տրդատյանների եւ Նորայր Տրդատյանի մասով ընդգրկելու վերաբերյալ հրամանի նախագիծ եւ այն ներկայացնել պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը։

Ըստ հայցվորի, բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից քննարկվել էր իր եւ իր ընտանիքի անդամների բնակապահովման հարցը: Հանձնաժողովը որոշում էր կայացրել եւ մերժել էր նրանց ճանաչել շահառու այն հիմնավորմամբ, որ իրենց ընտանիքի մյուս անդամների` Առաքել եւ Ռոզա Տրդատյանների վերաբերյալ արդեն իսկ կայացվել է բարենպաստ վարչական ակտ, վերջիններս ստացել են 3.000.000 ՀՀ դրամի չափով պետական աջակցություն։

Հայցվոր կողմի գնահատմամբ, հանձնաժողովի որոշումն իրավաչափ չէր:

Դատական գործընթացի ժամանակ պարզվել էր, որ Շուշանիկ Տրդատյանը, Նորայր Տրդատյանը եւ Նիկոլայ Տրդատյանը` Առաքել եւ Ռոզա Տրդատյանների հետ միասին, որպես մեկ ընտանիք, հաշվառված են ՀՀ Լոռու մարզի Լեռնավան համայնքի աղետի գոտու հետեւանքով անօթեւան մնացած եւ բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող անձանց հերթացուցակում 5 անձով` 3 սենյականոց բնակելի տուն ստանալու համար:

Ի դեպ, այս փաստը հանձնաժողովի կողմից չի վիճարկվել:

Հանձնաժողովի տարիներ առաջ կայացրած որոշմամբ Տրդատյանները ճանաչվել էին շահառու 1 սենյականոցի համար, ըստ էության, Շուշանիկ, Նորայր եւ Նիկոլայ Տրդատյանները միջամտող վարչական ակտով չէին ճանաչվել շահառու։ Հանձնաժողովի այդ որոշումը հիմք ընդունելով` ՀՀ քաղաքաշինության նախարարը իր թիվ 242 հրամանով` բնակարանի շահառու էր դիտարկել միայն Առաքել եւ Ռոզա Տրդատյաններին։ Հենց այդ հրամանի հիման վրա էլ նրանք ստացել էին պետական աջակցություն (այս փաստը չի վիճարկվում պատասխանողի կողմից, դրանք ապացուցվում են ՀՀ վարչական դատարանի 06.11.2013թ. թիվ ՎԴ/8748/05/12 վճռով, վարչական վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ)։

Տրդատյանների գործն առաջին անգամ վարչական դատարանում լսվել է 2013թ.-ին, երբ դատարանի թիվ ՎԴ/8748/05/12 վճռով անվավեր է ճանաչվել հանձնաժողովի որոշումը` Շուշանիկ, Նորայր Տրդատյանների եւ Նիկոլայ Տրդատյանի մասով, մնացած մասով հայցը մերժվել էր։

Հայցի համաձայն. «Վճռով հաստատվել է, որ մեր մասով կայացված միջամտող վարչական ակտը կայացվել էր նյութական նորմի սխալ մեկնաբանման արդյունքում։ Հանձնաժողովը նոր վարչական վարույթի արդյունքում կայացրած միջամտող վարչական ակտի հիմքում դրել է այն փաստը, որ իրենց ընտանիքի անդամներ Առաքել եւ Ռոզա Տրդատյաններն արդեն օգտվել են պետական ծրագրից` ստանալով 3.000.000 ՀՀ դրամի չափով գումար։ Սակայն հաշվի չի առել այն փաստը, որ պետական աջակցությունը տրամադրվել է մեկ սենյականոց բնակարանի չափով, իսկ եթե հանձնաժողովի կողմից դեռեւս 2012թ.-ին ընդունված վարչական ակտը լիներ իրավաչափ, ապա փոխհատուցումը կտրամադրվեր ոչ թե մեկ սենյականոցի չափով, այլ` երեք։ Ստացվում է, որ մեր՝ Տրդատյաններիս ընտանիքը համապատասխանում է աղետի գոտու վերականգնման պետական ծրագրի շրջանակներում շահառու ճանաչվելու բոլոր պահանջներին, իրենց ընտանիքին պետք է հատկացվեր երեք սենյականոց բնակարան կամ դրան համարժեք գումար, սակայն հատկացվել է ընդամենը մեկ սենյականոց բնակարանին համարժեք գումար` 3.000.000 ՀՀ դրամ»։

Տրամաբանությունը հետեւյալն էր՝ հանձնաժողովը պետք է կայացներ որոշում, որով կտրամադրվեր այն պակաս մասը, ինչը չի տրամադրվել։

Դատարանի ուշադրությունը հայցվոր կողմը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության 13.11.2008թ. թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի համաձայն, նախատեսված չէ նորմ այն մասին, որ եթե մասնակի փոխհատուցում եղել է կամ ընտանիքի որեւէ անդամ արդեն ստացել է իր փոխհատուցումը, ապա դա հիմք է ընտանիքի մյուս անդամների մասով մերժել փոխհատուցման տրամադրումը։
«Սույն գործով վիճարկվող վարչական ակտում որպես իրավական նորմ հղում է արված վերը նշված կառավարության որոշման 3-րդ կետին, որի կիրառման պարագայում ընդհակառակը` հանձնաժողովը պետք է կայացներ բարենպաստ վարչական ակտ, այլ ոչ թե` միջամտող, բացի այդ, նշված 3-րդ կետով նախատեսված նորմը մերժման հիմքերի ցանկում նախատեսված չէ»,-ասված է հայցադիմումում:

Ստացվել էր մի այսպիսի վիճակ, որը, ի դեպ, նմանօրինակ դատական գործընթացներում ասես «արտագրած» լինեն հանձնաժողովականները. «Հանձնաժողովը քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությամբ կամ կայացնում է միջամտող վարչական ակտ` ընտանիքին չճանաչելով շահառու կամ կատարում է որոշակի գործողություն (ռեալ ակտ)` կազմում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ եւ այն ներկայացնում նախագահի հաստատմանը»։

Պատասխանողը, որը բողոք է բերել, եւ քննությունը նախորդ շաբաթ պետք է լսվեր, գտնում է, որ Ռոզա եւ Առաքել Տրդատյանները, որպես մեկ սենյակի շահառու, ստացել են իրենց տրամադրված ֆինանսական աջակցությունը, ներկայացրել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարություն, ինչը նշանակում է, որ նրանք համաձայն են հանձնաժողովի կողմից ընդունված որոշման հետ: «Սակայն ակնհայտ է, որ այդ պարագայում Առաքել եւ Ռոզա Տրդատյաններին վերաբերող մասով առաջանում է անհիմն հարստացում, որ ենթակա է վերադարձման։ Այսպիսով, կամ պետք է Առաքել եւ Ռոզա Տրդատյանների կողմից ՀՀ պետական բյուջե վերադարձվի բնակարանային պայմանները ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով իրենց հատկացված 3.000.000 ՀՀ դրամը, կամ պետք է 5 անձից բաղկացած ընտանիքը հրաժարվի 3 սենյականոց բնակելի տուն ստանալու իրավունքից, այլապես հանձնաժողովն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրավասու չէ Առաքել եւ Ռոզա Տրդատյաններին 3.000.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն հատկացված լինելու պարագայում ընտանիքին հատկացնի նաեւ մեկ հատ 3 սենյականոց բնակելի տուն»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

09.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031