Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի նախկին քարտուղարը մտադիր է դիմել դատարան

Հուլիս 10,2019 12:30

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ, մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հաստատեց «Առավոտի» այն լուրերը, որ այլեւս չի աշխատում նախարարությունում:

7 տարի մամուլի պատասխանատու աշխատած Ա. Մարտիրոսյանը դիմում չի գրել աշխատանքից ազատվելու համար: Նա վիրահատություն է տարել, այդ նպատակով մայիսի 17-ից հունիսի 8-ը գտնվել է բուժհաստատությունում, վիրաբուժական բաժանմունքում: Նրա աշխատանքից ազատման հրամանը եղել է մայիսի 31-ին: Ի դեպ, հրամանը ստորագրել է նախկին նախարար Գ.Ղազարյանը:

«Ինձ ասում են, թե օրենքի ուժով ենք ազատել քեզ աշխատանքից, այն է՝ նախարարությունը վերակազմավորվել է այլ կառույցի: Սակայն ես պարտավոր էի իմանալ այդ մասին Աշխատանքային օրենսգրքի համաձայն, առնվազն երկու ամիս առաջ»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է մամուլի նախկին պատասխանատւն:

Այս պատմության զավեշտալին այն է, որ նրան որոշ ժամանակ հետո նամակ են ուղարկում «վերակազմավորված» կառույցից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից. «Գումարը չվերադարձվելու դեպքում պարտադրված կլինենք օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել իրավական կարգավորման այլ միջոցներ»:

Ա. Մարտիրոսյանը մտադիր չէ գումարը վերադարձնել, պատրաստվում է դիմել դատարան հարկադիր պարապուրդի, չվճարված այլ գումարների պահանջով:

Համաձայն այդ նամակի՝ Ա. Մարտիրոսյանը մինչեւ օգոստոսի 20-ը պետք է վերադարձնի ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարին «ավել գումարը»՝ մոտ 203 000 դրամը, որը «տեխնիկական» սխալ հաշվարկ է որակվել նոր սուպերնախարարության կողմից:

«Առավոտի» տեղեկություններով, նախարարության տասից ավելի աշխատակիցներ, ճիշտ է, ազատվել են սեփական դիմումների համաձայն, սակայն օրենքի կոպիտ խախտումներով, եւ բանակցում են իրավաբանների հետ իրենց իրավունքները պաշտպանելու համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս, մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է, երբ «աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում»:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ, 

09.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031