Լոռու մարզի Ջիլիզա գյուղում, որ գտնվում է Վրաստանի սահմանին, բնակվում է 10-ամյա Աննան: Նա սովորում է 5-րդ դասարանում, ու շատ է տխրում, որ իրենց դպրոցում շատ քիչ երեխաներ կան, երազում է շատ երեխաներ լինեն, որ նրանց հետ խաղա. «Այդպես ավելի հետաքրքիր կլինի»:
Ասում է, որ ցանկանում է ատամնաբույժ դառնալ, եւ որպեսզի երեխաները չվախենան սրսկվելուց, նրանց համար Կոմիտասի «Կաքավիկը» կերգի. «Մենք չորս ընկերուհիներով միշտ բժիշկ-բժիշկ ենք խաղում, երկուսը բժիշկ են լինում, երկուսը՝ հիվանդ»:
Կարդացեք նաև
Աննան շատ է սիրում անգլերենի դասերը ու հատկապես անգլերենի ուսուցչուհի ընկեր Նատալիին, որովհետեւ նա բարի է. «Անգլերեն մի քիչ խոսում եմ ու երազում եմ Ֆրանսիա գնալ, հեռուստացույցով էյֆելյան աշտարակն եմ տեսել, համ բարձր էր, համ էլ գեղեցիկ: Համ էլ էնտեղ մոդա են ցույց տալիս: Ամերիկա էլ եմ գնալու, որ մեծանամ»: Իսկ այ Վրաստան չի ուզում գնալ, ասում է, որ հետաքրքիր չի իրեն, քանի որ արդեն մի քանի անգամ գնացել է: Ու չնայած իրենց գյուղից Վրաստանը երեւում է, ընդամենը մի գետ է բաժանում, սակայն Վրաստան գնալու համար մոտ 100 կմ պետք է գնա, որպեսզի սահման անցնի Բագրատաշենից:
Երեւանն ավելի հեռու է, այդ իսկ պատճառով Աննան միայն մի անգամ է եղել Երեւանում, դիտել է «Սառցե թագուհին»:
Աննան իրենց ընտանիքում ամենամեծն է, փոքրիկ քույրիկ եւ ապերիկ ունի, ուզում է, որ նրանք իրեն լսեն. «Բայց ապերս երեք տարեկան է, ինքը լավն է, բայց ինձ ոչ միշտ է լսում»:
Աննայի ամենասիրած հեքիաթը «Աստղամանուկն» է. «Դա տղայի մասին է, որն ագահ էր ու չար: Ինքը շատ գեղեցիկ էր ու ծաղրում էր բոլորին; Վերջում Աստղամանուկը պատժվում է, տգեղանում: Իմ բոլոր ընկերները բարի են, Աստղամանուկի պես չեն: Ես նրանց հետ համ խաղում եմ, համ էլ երգում եմ: Ամենաշատ «Կաքավիկն» եմ սիրում երգել»:
Փոքրիկ աղջիկն իրենց գյուղն էլ է շատ սիրում, որովհետեւ «շատ սիրուն է, շատ անտառներ ու սարեր կան, Չախալաբերդը կա, շատ ուրց ու երիցուկներ ունենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի
Պատկերապատումը՝ Տիգրան Առաքելյանի
«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են…
«Առավոտ» օրաթերթ,
09.07.2019