Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը պատիժը պայմանական չի կիրառել, որ Գոռ Գորոյանը զորակոչվի բանակ. նոր զարգացում «Ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում» հրապարակումից հետո

Հուլիս 09,2019 23:27

«Շնորհակալ եմ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Տիգրան Կարապետյանին, Արփի Դավոյանին եւ Արման Բաբաջանյանին՝ իմ հարցով հետաքրքրվելու, խնդիրս բարձրաձայնելու համար»,- ասաց խմբագրություն զանգահարած՝ կալանքից երեքշաբթի ազատված 22-ամյա Գոռ Գորոյանը։

Հիշեցնենք, որ Գոռ Գորոյանը զինապարտ է, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից օրինական հիմքերի բացակայության դեպքում։

Ըստ Գոռ Գորոյանի՝ ինքը ցանկանում է ծառայել ՀՀ զինված ուժերում ու չի խուսափել ծառայությունից։ Պարզապես՝ հասցեի փոփոխման պատճառով չի ստացել ծանուցագիը եւ չի ներկայացել զինկոմիսարիատ։ Զինապարտի խոսքով՝ ինքը տարածքային զինկոմիսարիատին տեղեկացրել էր բնակավայրի փոփոխության մասին։

Գոռ Գորոյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ նրան կալանավորել էին։ Այս մասին «Առավոտի» հրապարակմանն արձագանքեց ՀՀ քննչական կոմիտեն՝ հորդորելով զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելուց։

Արձագանքեցին պատգամավորները՝ դիմելով ՀՀ պաշտպանության նախարարություն, գլխավոր դատախազություն։ Եվ ահա՝ հուլիսի 9-ին Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահող դատավոր Հրաչիկ Սարգսյան, վճռեց ՝ Գոռ Գորոյանին դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառել, որպեսզի Գոռը զորակոչվի բանակ։

«Հիմա գնում եմ զինկոմիսարիատ՝ գրանցվելու, որպեսզի այս զորակոչին մեկնեմ բանակ։ Շնորհակալ եմ նաեւ Ձեր կայքին՝ ճակատագրիս հանդեպ անտարբեր չմնալու համար։ Եթե չլիներ հրապարակումը, գուցե ես այս պահին կալանավայրում լինեի»,-հուզված նշեց Գոռը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031