Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակ ուղարկեցինք, որ մատաղ անեի՞ն կրիմինալին»․ գյումրեցի Սարգսյաններ

Հուլիս 09,2019 23:07

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել մոտ 1,5 տարի առաջ բանակում զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Մարտին Խաչատրյանի հարազատները՝ բողոքելով, որ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազությունը ոչինչ չի անում նրա մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Մարտին Խաչատրյանի պապը՝ Ֆերդինանտ Սարգսյանն ասաց, որ մեկ տարվա ընթացքում մոտ 50 բողոք է հղել, սակայն տրվել են շաբլոն, նույնաբովանդակ պատասխաններ։

Բողոքներ է գրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նամակները հասցեագրվել են գլխավոր դատախազությանը, որն էլ ուղարկել է զինվորական դատախազություն, իսկ այստեղ մշտապես «անմիտ» պատասխան են տալիս։

Հարազատները համոզված են, որ Մարտին Խաչատրյանին սպանել են, ոչ թե ինքնասպան է եղել․ այն՝ որպես նախնական վարկած, առաջ են քաշել իրավապահները։ «Իրենք ուզում են այդ վարկածը հաստատել, բայց չեն հաստատել, որովհետև ես անընդհատ բողոքել եմ։ Ինքնասպանություն ձևակերպելն ամենահեշտ միջոցն է, ամեն ինչ անում են, որ ոչ մեկը պատասխան չկա, ոչ մեկը աշխատանքից չհեռացի»,-ասաց Ֆերդինանտ Սարգսյանը։

Դեպքը տեղի է ունեցել Սիսիանի գնդում, դիրքերում՝ հերթապահության 13-րդ օրը։ Պապին նախևառաջ կասկածանքի տեղիք է տվել այն, որ ներկայացրել են, թե իր թոռը դեպքի օրը խմած է եղել։ Ըստ Ֆերդինանտ Սարգսյանի, իր թոռը երբեք ալկոհոլ չի օգտագործել։ Անհայտ է նաև, թե ով է խմիչքը հասցրել դիրքեր, և դիրքապահներից ինչու է միայն իր թոռը խմած եղել։ «Թող պարզեն, խմե՞լ է, թե՞ խմցրել են,ես խոսում եմ ամենամեծ օրինախախտումից, ինչպե՞ս է խմիչքը հասել դիրքեր, ինչպե՞ս են հարբած զինվորին դիրքեր վստահել», -հարցնում է Ֆերդինանտ Սարգսյանը։

Ըստ նրա, երկրորդ օրինախախտումն այն է, որ հերթապահ սպան հերթապահության ժամանակ լքել է դիրքերը։

«Սպանվելուց մեկ օր առաջ թոռնիկս զանգել էր տուն, զրույցի ժամանակ ասել էր, որ հերթապահ սպան գնացել է տուն, տատիկն էլ իրար էր խառնվել, թե սպան, որ գնացել է տուն, մեր էրեխեն դիրքերում է, սարի գագաթին, ի՞նչ պիտի լինի, հազար տեսակի փորձանք գոյություն ունի։ Հաջորդ օրը սպանել են, պարզվեց, որ ինքն ալկոհոլ է օգտագործած եղել, ինքը երբեք իր կյանքում ալկոհոլ օգտագործած չկա, սպանելուց հետո զենքը լիցքաթափել են, լիցքաթափելուց հետո էլ մատնահետքերն են մաքրել, վերացրել։ Հետքաբանական փորձաքննությունն է ապացուցել, որ հետք վրան գոյություն չի ունեցել, լղոզված հետքերն են եղել։ Սպանվածի իրերին ձեռք տալը հանցագործություն է, սա օրինախախտում է, ի՞նչ իրավունք ունեին զենքը լիցքաթափել։ Դատախազը մեր հարցին պատասխանել է՝ անվտանգության նկատառումով։ Ես հարց եմ տալիս՝ սպանվածը կարո՞ղ էր կենդանանալ, իր զենքով կրակել որևէ մեկին, որ լիցքաթափում էին։ Լիցքաթափումը կատարվել է սպանության հանցանշանները վերացնելու նպատակով։

Հարցրել եմ նաև՝ ո՞ւր էր հերթապահ սպան․ բողոքներիս քննիչը պատասխանեց, թե հերթապահ սպան գնացել է զորամաս զինտեխնիկա նորոգելու։ Ի՞նչ է, տեխնիկա նորոգող չկա՞, ես բանակ ծառայել եմ, գիտեմ, որ դիրքը լքելու իրավունք ոչ մեկը չունի։ Հարևանությամբ թշնամին է՝ 100-200 մետրի վրա, եթե թշնամին հարձակվի, առանց հրամանատարների ո՞վ պիտի կազմակերպի պաշտպանությունը։ Եթե նա տեղում լիներ, գուցե և սպանությունը չլիներ, կանխեր սպանությունը», -ասում է Ֆերդինանտ Սարգսյանը։

Քեռին՝ Հրաչ Սարգսյանն էլ պատմեց, թե ինչպես են իրեն ներկայացրել տեղի ունեցածը։

«Իր հետի զինվորն է նկարագրում, թե միասին ելել են պոստի, բլինդաժից դուրս նստել են խրամատի մեջ՝ իրար դիմաց, իբրև թե մի քիչ քնել են, զինվորը արթնացել է, տեսել է, որ Մարտինը զենքն առել, գնացել է մի 10 մետր հեռու ու ձայն է լսել ու իբր վազել, տեսել է՝ Մարտինը ինքն իրեն խփել է։ Անհավանական մի պատմություն, ցերեկը ժամը 1․30 ով է քնում։ Իրենք ասում են, թե Մարտինը իբր թե քնած է եղել՝ ավտոմատը բռնած ու միամիտ ընկել է ավտոմատի վրա, ավտոմատն ինքն իրեն կրակել է, որից ինքնասպան է եղել։ Իրենք ուզում են մեզ համոզել, որ ոչ թե դիտավորյալ է ինքնասպան եղել, այլ միամտաբար։ Այսպես են ասում, որ ոչ մեկը պատասխան չտա»,- ասաց Հրաչ Սարգսյանը։

Տատիկն էլ՝ Ամալյա Սարգսյանն էլ մղկտում էր, որ ծանր պայմաններում մեծացրած թոռին ուղարկեցին բանակ, ոչ թե սպանդանոց։ « Չգիտեմ որտեղի՞ց գտնեմ թոռիս, ամբողջ օրը փնտրում եմ, ստուգման գրքույկը նայեք, թե ինչ սովորող տղա էր, ազգային ագրարային համալսարանի 2-րդ կուրսում էր սովորում»,-լաց էր լինում տատիկը։

Պապն էլ հավելեց․ «Թոռիս զինվոր ուղարկեցինք, մատաղ դարձրին կրիմինալին, հիմա էլ մարդասպաններին թաքցնում են, եթե թշնամին սպանած լիներ, էսքան դարդ չէինք անի, բայց որ կողքի ընկերն է սպանում, խմցնում, դիրքի վրա սպանում է․․․»։

Քեռու ասելով, Մարտինը 10 ամիս ծառայել է, սակայն երբեք չի տրտնջացել, թեև սրտի առիթմիա ուներ,երբ հարցրել են ինչպես ես, ասել է՝ շատ լավ եմ։

«Մենք մեծ հույս ենք կապում մեր Փաշինյանի անցումային արդարադատության հետ, եթե իր խոսքը գործ է, թող էդ գործն իրականացնի, ոչ թե մեր բողոքը ուղարկի զինվորական դատախազությանը, այս կառույցն էլ ինչպես ուզի, այնպես պատասխանի»,-ասում է Ֆերդինանտ Սարգսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031