Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր իր դեմ կազմակերպված ցույցում քաղաքացի Ջիվան Աբրահամյանի մեղադրանքներին, թե ինքը կոռուպցիոն գործելակերպ է վարում, ասաց. «Եթե Ջիվան Աբրահամյանը որեւէ ապացույց չներկայացնի այդ մեղադրանքի վերաբերյալ, ես դատական կարգով կպաշտպանեմ իմ իրավունքները: Եթե նա որեւէ տեղեկատվություն ունի, մեր իրավապահներին խնդրում եւ հորդորում եմ՝ թող քննություն իրականացնեն եւ պարզեն՝ արդյո՞ք ես որեւէ կոռուպցիոն սկանդալի մեջ եմ»:
Ինչ վերաբերում է ցույցում հնչած մեղադրանքներին, թե քաղաքապետը պատշաճ չի ընդունում քաղաքացիներին, կոպտում է, նրանց հետ խոսելիս ծամոն է ծամում եւ հեռախոսով խաղ խաղում, Դիանա Գասպարյանը նշեց. «Իհարկե, դա ակնհայտ սուտ է եւ իրականությանը չի համապատասխանում: Քաղաքացիների ընդունելությունները ձայնագրվում են: Եթե կա նման մեղադրանք, կարող եմ տրամադրել ձայնագրությունները»:
Ջիվան Աբրահամյանն ասել էր. «Տիկին Դիանա, դուք իրավունք չունեք ժողովրդին տարանջատել Նիկոլ Փաշինյանից: Դա Քոչարյանի եւ նրա կողմնակիցների աշխատանքն է: Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, որովհետեւ ամեն պատի անկյունում «հակահեղափոխական» բառն եք օգտագործում»:
Այս առնչությամբ էլ Դիանա Գասպարյանը նշեց. «Դա Ջիվան Աբրահամյանի երեւակայության արդյունքն է, ես Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չունեմ եւ երբեւէ չեմ եղել նրա գաղափարակիցը: Ես «Քաղաքացիական պայմանագրի» անդամ եմ կիսում եմ մեր կուսակցության գաղափարները: Ջիվան Աբրահամյանի հայտարարություններն անհիմն մեղադրանքներ են, դրանց հետեւում որեւէ բանական եւ ճշմարիտ փաստարկ չկա»:
Կարդացեք նաև
Իր հրաժարականի պահանջին էլ Դիանա Գասպարյանը լուրջ չի վերաբերվում. «Ինձ վստահության քվե են տվել հոկտեմբերին՝ ութ հազարից ավելի քաղաքացի: Չեմ պատրաստվում մի քանի տասնյակ մասնակից ունեցող ցույցից հետո հրաժարական տալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ