Էջմիածնում այս պահին ընթանում է քաղաքացիների հավաք՝ ընդդեմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի: Ցուցարարները նրա հրաժարականն են պահանջում: Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերից հայտնի Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, թե Դիանա Գասպարյանն իր քաղաքացիներին չի ցուցաբերում պատշաճ վերաբերմունք. «Այս հավաքի պատճառները քաղաքացիների բողոքներն են, որոնք ես ստացել եմ: Ես Դիանա Գասպարյանի կողմնակիցը չեմ եղել նաեւ այն ժամանակ, երբ նա առաջադրվում էր որպես քաղաքապետի թեկնածու: Հացի մրցույթը Երեւանից են շահել, Էջմիածնում չկա՞ր, թե կարծում եք՝ չգիտենք, թե որը որից հետո է: Նա գրասենյակում քաղաքացիներին ընդունելիս ծամոն է ծամում եւ հեռախոսով խաղ խաղում: Մի տեղում արգելում են սուրճի ապարատ դնել, հետո մեկ ուրիշը կարողանում է դնել: Այսպե՞ս է հեղափոխություն լինում»:
Ապա ելույթ ունեցավ Արտակ անունով երիտասարդ եւ հայտարարեց, որ եղել է Դիանա Գասպարյանի շտաբերից մեկի պատասխանատուն. «Ակտիվ մասնակցել եմ հեղափոխությանը նրա համար, որ հեղափոխական քայլերր արվեն քաղաքում: Ասում են՝ «ախպեր, էս ո՞ւմ բերիք, մտնում ենք մոտը՝ բշտում են»…Եթե պաղպաղակի սառնարանի համար քաղաքացուց 10 000 դրամ եք գանձում, դարձրեք դա 7000 դրամ, որպեսզի մարդկանց սրտով լինի: Իսկ քաղաքապետարանում նախկին պաշտոնյան, որը հիմա ավելի բարձր պաշտոնի է, ասում է՝ ուզում էիք բան փոխվե՞ր»:
Ապա` Արտակը ներողություն խնդրեց այն բանի համար, որ ժամանակին կանգնել է Դիանա Գասպարյանի կողքին. «Անցյալը՝ Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանը, հնարավոր չէ, որ վերադառնան: Բայց մենք էլ ենք ուզում, որ այս քաղաքը բարգավաճի, բայց եթե Դիանա Գասպարյանը միայն իր եսն է տեսնում այս քաղաքում, ուրեւմն նա անելիք չունի այստեղ»: Ապա Ջիվան Աբրահամյանը նշեց, որ Դիանա Գասպարյանը մեկնաբանություններից մեկում իրեն անվանել է Նիկոլ Փաշինյանի ինքնակոչ հետեւորդ. «Շատերդ եք քաղաքում լսել, թե մենք հանրապետական ենք, սերժական, լեւոնական: Ես գիտեմ, որ ժողովրդի 70%-ից ավելին ընտրել է Նիկոլ Փաշինյանին եւ նրա հետեւորդ է, բայց Դիանա Գասպարյանն ասում է՝ «Նիկոլ Փաշինյանի ինքնակոչ հետեւորդ»:
Տիկին Դիանա, դուք իրավունք չունեք ժողովրդին տարանջատել Նիկոլ Փաշինյանից: Դա Քոչարյանի եւ նրա կողմնակիցների աշխատանքն է: Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, որովհետեւ ամեն պատի անկյունում «հակահեղափոխական» բառն եք օգտագործում, մինչդեռ ձեր արարքներն են հակահեղափոխական, ոչ թե ժողովրդի օրինական պահանջները: Անընդհատ ասում եք, թե քաղաքում խնդիր չկա: Ես պայքարելու եմ նման քաղաքապետի դեմ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ բողոքի ալիք չկա, իսկ քաղաքապետին բոլորը ճանաչում են որպես բարեհամբույր պաշտոնյայի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծամոն ծամելն ինչ է, Արցախում ոչ վաղ անցյալում շատ կարևոր նախարարության մի ղեկավար կար, ով գործի ժամանակ ոտքերն էր դնում սեղանին, իսկ դիմացը նստած էր նախարարության աշխատակիցը։ Այժմ նա հետ է գնացել իր հարազատ քաղաքը, բայց իրենից հետո ի թիվս այլ ոչ լավ հուշերի, թողել է նաև այս մեկը։ Կարևոր պաշտոն ստանձնելուց առաջ մարդուն պիտի թեսթավորեն, թե չէ շատերը չեն դիմանում պաշտոնի գայթակղությանը, մատնելով իրենց անուրախ մանկությունը։