Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանի նամակում տեղ գտած մի շարք թեզերին ու դրանց «տրամաբանության» մասին

Հուլիս 09,2019 18:45

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանի և Ռուբեն Մելիքյանի նամակն ուղղված ՀՀ ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և ՀՀ նախագահին։

​Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

​Մի քանի օր առաջ՝ հունիսի 28-ին, մամուլում հրապարակվել է քաղաքացի Վահե Գրիգորյանի՝ Ձեզ ուղղված նամակը, որում որոշակի փաստարկումներ են բերվում առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում առկա է «ճգնաժամ», ինչպես նաև առաջարկվում են այդ «ճգնաժամը» հաղթահարելու տարբերակներ:

​Հայտնում ենք Ձեզ, որ մեր հիմնադրած կառույցը՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հուլիսի 4-ին կազմակերպել էր ներկայացուցչական խորհրդաժողով՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով, և խորհրդաժողովի մի քանի բանախոսներ, ինչպես նաև այլ մասնակիցներ իրենց ելույթներում անդրադարձ են կատարել քաղաքացի Վահե Գրիգորյանի նշյալ նամակում առաջադրված որոշ թեզերի: Ուստի պատշաճ ենք համարում Ձեզ դիմել նամակի նույն ձևաչափով (ըստ անհրաժեշտության՝ կարող եք սույն նամակը համարել նաև «գրություն» կամ «դիմում»)։

​Նախքան բովանդակային փաստարկներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում պարզաբանել, թե ինչու ենք պարոն Գրիգորյանի հեղինակած տեքստը համարում «քաղաքացի Վահե Գրիգորյանի» նամակ` հակառակ այն փաստին, որ մամուլում հրապարակված նյութը ստորագրված է «դատավոր Վահե Գրիգորյան»: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով, և դրանք ո՛չ ուղղակիորեն և ո՛չ էլ անուղղակիորեն չեն ներառում Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործի շրջանակից դուրս՝ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ինչ-որ իրավաքաղաքական թեզեր պարունակող պաշտոնական գրությունների կամ դիմումների ներկայացումը կամ պաշտոնական նամակների հեղինակումը: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն աներկբա սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Այլ կերպ՝ նշված նամակը հղելիս (գրությունը, դիմումը ներկայացնելիս) պարոն Գրիգորյանն իրավունքի տեսանկյունից հանդես չի եկել և չէր էլ կարող հանդես գալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնական կարգավիճակով: Այսպիսով, կարծում ենք, որ պարոն Գրիգորյանի հեղինակած իրավաքաղաքական շարադրանքի վերջում «դատավոր Վահե Գրիգորյան» ստորագրությունը կա՛մ մամուլի հավելումն է, կա՛մ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից իր կարգավիճակի պարզ ընդգծումը՝ այնպես ինչպես սույն նամակի հեղինանակները՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը և քաղաքացի Սիրանուշ Սահակյանը պատշաճ են համարել այն ստորագրել որպես «փաստաբաններ»՝ առանց ակնկալելու, որ նամակը կընկալվի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ փաստաբանի իրավունքների համատեքստում:

Միևնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը և որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Վերը շարադրված կարևոր պարզաբանումը ներկայացնելուց հետո բովանդակային անդրադարձ կատարենք քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակում տեղ գտած մի շարք թեզերին ու դրանց «տրամաբանությանը»․

​1. Սահմանադրական դատարանի կարգավիճակին կամ դրա գործունեությանը վերաբերող ենթադրյալ խնդիրները չեն կարող քննարկվել կամ լուծվել այն մարմինների հետ, որոնք այդ դատարանում հանդես են եկել, հանդես են գալիս ու դեռ հանդես են գալու որպես կողմ: Ավելին՝ հենց Սահմանադրական դատարանն է որոշել, որոշում և որոշելու նշված մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, լուծում նրանց միջև սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Սահմանադրական դատարանի հետ հարաբերություններում այդ մարմինները կարող են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված որոշակի ազդեցություն ունենալ բացառապես դրա կազմի ձևավորման կապակցությամբ: Մինչդեռ Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ գործունեությունն անվերապահորեն պաշտպանված է այդ, և ցանկացած այլ սուբյեկտի հնարավոր միջամտությունից կամ ոտնձգությունից:

​Քաղաքացի Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» հարցերին մոտենալիս, օրինակ, քաղաքացիական կամ քրեական դատարանների և դրանց դատավորների կարգավիճակին, իրավասությանը և գործունեությանը վերաբերող հարցերը պետք է այսուհետ քննարկվեն ու լուծվեն հենց մեղադրյալների, տուժողների, հայցվորների, պատասխանողների, դատախազների, փաստաբանների կողմից՝ կոնսենսուսի արդյունքում: Նույն կերպ, վարորդները տուգանվելուց առաջ ճանապարհային ոստիկաններից այսուհետ պետք է քննություն վերցնեն երթևեկության կանոնների իմացության կապակցությամբ:

  1. Օրենսդրության մեջ տարբեր բառերի (դատարանի անդամ և դատարանի դատավոր) գործածությունն ինքնին չի կարող հանգեցնել կարգավիճակային տարբերության մասին պարզունակ հետևության։

Հակառակ պարագայում կարելի է նաև պնդել, որ նախարարը կառավարության անդամ չէ, ակադեմիայի իսկական անդամն ակադեմիկոս չէ, ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլիստ չէ։

 

  1. Ինքնին պաշտոնատար անձի ընտրության կարգի, ներառյալ՝ նրա առաջադրման ձևի և պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը չի հանգեցնում այդ մարմնի՝ նախորդից «ակնհայտորեն և էականորեն տարբերվող մարմնի» փոխակերպման։

Հակառակ պարագայում նույն հաջողությամբ կարելի է հիմնավորել, որ ներկայիս վճռաբեկ դատարանը նախկինից տարբերվող դատարան է, ուստի հին ձևով նշանակված կազմը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ բոլոր քննիչները պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, քանի որ քննչական մարմինները և նրանց հիմնական գործառույթը նախկինում սահմանադրական ամրագրում չեն ունեցել, ուստի դրանք բոլորը նոր, այլ տեսակի քննչական մարմիններ են։

Նույն կերպ, երդման տեքստի խմբագրական բնույթի փոփոխությունը չի կարող հանգեցնել գործունեության «անհամատեղելիության»։ Հակառակ պարագայում, կարող ենք այսուհետ պնդել, որ նոր վարորդական իրավունքն անհամատեղելի է հին մեքենայի, նոր հագուստը հին պահարանի, իսկ նոր հարևանը հին բնակարանի հետ։

  1. Խնդրո առարկա նամակի հեղինակը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ և ամենականխակալ ներկայացուցիչն է: Նրա ընտրությունը, դրան նախորդած և հաջորդած գործընթացները, նրա հնչեցրած մոտեցումներն ակնհայտորեն վկայում են քաղաքական շարժառիթների, նկրտումների և նպատակների մասին: Նամակի հեղինակն իր իսկ խոսքերով՝ «մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող», «կուսակցական որոշումներով և նպատակահարմարությամբ ձևավորվող դատարանի» ապագա ճարտարապետի ընդգծված և արտահայտիչ օրինակ է:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք սույն նամակում ներկայացված բովանդակային փաստարկները քննարկման առարկա դարձնել նույն կարգով, եղանակով և չափով, որ կարգով, եղանակով և չափով մտադիր եք քննարկման առարկա դարձնել քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի թեզերը, եթե առհասարակ մտադիր եք դրանք քննարկման առարկա դարձնել։

Հարգանքով՝

փաստաբան Սիրանուշ Սահակյան

փաստաբան Ռուբեն Մելիքյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031