«Նման բան տեղի չի ունեցել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը աղջիկներին «էքսկուրսիայի» է տարել նախագահական նստավայր, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ համացանցում պտտվող աղջիկների հետ լուսանկարն իրականում արվել է իշխանափոխությունից առաջ՝ 2017թ.-ին, սրճարաններից մեկում ծննդյան առիթ տոնելիս. «Այդ լուսանկարի տակ լրատվամիջոցը գրել է, թե ես աղջիկների եմ տարել Բաղրամյան 26»:
Ինչ վերաբերում է նախագահականում աղջիկներից մեկի արած տեսանյութին, Հայկ Սարգսյանը հարցադրում արեց. «Որեւէ տեսանյութում ինձ տեսե՞լ եք: Որեւէ տեսանյութում ես չեմ երեւում: Սա զրպարտում է ինձ, դիմելու եմ դատարան, որովհետեւ չի համապատասխանում իրականությանը»: Հայկ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ որոշ ԶԼՄ-ներ իր դեմ արշավ են սկսել՝ ցանկանալով իր միջոցով վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական թիմին:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մի շարք ԶԼՄ-ների դեմ վեց դատական հայց է ներկայացրել դատարան՝ որոշ հոդվածների համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Պատգամավորը լրագրողների հարցերին պատասխանում էր մուգ ակնոցներով, քանի որ, ինչպես ինքը նշեց եւ ցույց տվեց, վիրահատել է աչքը. «Ներողություն եմ խնդրում ակնոցներով խոսելու համար»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ