Այսօր հրապարակվել են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Բազմաթիվ հետաքրքիր տվյալներ կան: Ակնհայտ են հասարակության վստահության անկումը գործող իշխանությունների հանդեպ և հասունացող քաղաքական ապատիան:
Իշխանությունը ժողովրդի միամտության հաշվին զավթած Փաշինյանը ի վիճակի չէ, ըստ այդ տվյալների, բավարարել հասարակությանը շռայլորեն տրված խոստումները:
Հատկանշական է, որ հանրային ընկալման դաշտում սրվել են սոցիալական խնդիրների ընկալումները՝ աշխատավարձեր, թոշակներ, գործազրկություն:
Կարդացեք նաև
Միաժամանակ մեր բնակչության համար մտահոգիչ են մնում անվտանգության, նոր պատերազմի սպառնալիքները և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները:
Զարմանալի չէր նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրում ունի 3-րդ վարկանիշը՝ ԻՄ ՔԱՅԼԻՑ և ԲՀԿ-ից հետո:
Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը էլ ավելի է մերժելու պոպուլիզմն ու ստերը և վերադառնալու է դասական քաղաքական դաշտ:
Մնում է, որ այդ ընթացքում երկրին չի հասցվի անվերականգնելի վնաս:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
Իսկ Ազատությունը հայտնում է, որ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հասարակական հարցումների կենտրոնի, կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։
Հարցումների համաձայն, բնակչության մեծամասնությունը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ` չնայած հանրության շրջանում շարունակվող տնտեսական մտահոգություններին։
Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկություն է հայտնել, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։
Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտի նկատմամբ, 60 տոկոսի կարծիքով՝ երկիրն ընթանում է ճիշտ ուղով։
«Չնայած այս վերջին ցուցանիշն անկում է ապրել 12 կետով, ի համեմատ անցած տարվա հոկտեմբեր ամսի, այնուամենայնիվ, այս ցուցանիշը կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի արտահայտություն է։ Վստահության այս բարձր մակարդակի մեկ այլ վկայություն է հարցվածների աջակցությունը բարեփոխումների իրականացմանը․ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարում։ Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ», – ասված է կենտրոնի հաղորդագրությունում։
Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշել են վատ կառավարումը (22 տոկոս):
Հարցումներն իրականացվել են 2019-ի մայիսի 6-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցումներին մասնակցել են Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչ։