Լրահոս
Օրվա լրահոսը

Վասիլիս Մարագոս. Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է բազմակողմ աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ սկսած բարեփոխումների իրականացման գործընթացում

Հուլիս 09,2019 17:32

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս տեսակետից, ըստ Արթուր Դավթյանի, հանգուցային նշանակություն ունի հատկապես Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են նշված ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: Վերջիններիս նշանակությունն ընդգծվում է հատկապես նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է բազմակողմ աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ սկսած բարեփոխումների իրականացման գործընթացում՝ ելնելով Հայաստանի իշխանությունների և հասարակության սահմանած առաջնահերթություններից ու մարտահրավերներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի հակազդման և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության մշակման, հետագա իրականացման գործընթացներում ՀՀ դատախազության մասնակցության և սպասելիքների, քրեական դատավարության շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների կիրառման, դրանց շրջանակներում ԵՄ-ի կողմից կարճաժամկետ և միջնաժամկետ օժանդակության եղանակներին, համագործակցության հետագա զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ Հայաստանը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, գործնական քայլեր է կատարում նաև քրեական դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության իրավակիրառ պրակտիկան եվրոպական իրավունքի զարգացման տենդենցներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այդ համատեքստում առանձնացվել է հատկապես դատախազության կողմից այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիտուտի ներդրմանն ուղղված օրենսդրական համապատասխան փոփոխությունների նախագծի շրջանառումը: Արթուր Դավթյանն առաջարկել է համագործակցության շրջանակներում դիտարկել նաև նշված խափանման միջոցի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակության հնարավորությունը, որն էապես կնվազեցնի խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել քննարկումները՝  հետագա գործակցության օպտիմալ եղանակների, մեթոդների շուրջ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031