Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքի ցույցերը շարունակվելու են, եթե աղբահանությունը այսպես կատարվի». Սոնա Աղեկյան

Հուլիս 09,2019 17:27

«Երևանում աղբահանությունը և սանմաքրումը զրոյական վիճակում են: Գրեթե մեկ տարի այս վիճակն է»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Նա փաստեց՝ Երևանում աղբամաններն առանց կափարիչների են, ծակ, շրջված, և ամբողջ աղբի հյութը հոսում է՝ առաջացնելով համաճարակային օջախներ: Սոնա Աղեկյանն ահազանգեց՝ համաճարակը հեռու չէ, շուտով կունենանք վարակիչ հիվանդություններ:

Նա հիշեցրեց՝ աղբահանության առաջին պատասխանատուն քաղաքային իշխանություններն են. «Քաղաքապետարանը պարտավոր է հետևել, որ Սանիտեք ընկերությունը կազմակերպի Երևանում աղբահանությունը և սանմաքրումը: Մեր կազմակերպությունը մեղադրում է նաև Սանիտեքին, քանի որ պարտավոր են ստանձնելով պայմանագրով պարտավորություններ, հասկանալով, որ դա համայն հայության մայրաքաղաքի մաքրության հարցն է, կատարել իրենց պարտավորությունները»:

Սոնա Աղեկյանն ասաց, որ անձամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարգում է. «Հարգում եմ իբրև կարգին Հայկո, «Սուպեր մամա», հիանալի է կատարում դերասանական արվեստը, բայց արձանագրում ենք փաստը, որ որպես քաղաքապետ ձախողում է: Ցավում եմ, որ իրեն իբրև «Կարգին Հայկո» կորցնում ենք, կուզենայի՝ իր տեղում լիներ: Կարգին Հայկոն դարձել է քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ: Նա ասել է, որ պետք է լինի իր ուզած մարդը»:

Սոնա Աղեկյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց. «Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետը շատ ագրեսիվ կեցվածքով իջավ, պաշտոնական դիրքր չարաշահելով՝ մատով խոսում էր: Մեզ ասում էր՝ մաքրեք, տարեք, հրում էր՝ հենց հիմա մաքրեք, լպստեք ստեղ, սա քաղաքապետարան է: Տեսանք, որ քաղաքապետարանի գլխավոր մուտքը մեր առաջ փակվեց: Եթե Տարոնի դեմ խոսում էինք, ոստիկանները գալիս, քաղաքապետարանի մուտքը փակում էին: Տարոնին մերժեցինք, որպեսզի ունենանք քաղաքապետարան, որտեղ կա մուտք, սակայն նույն բռնակալական ռեժիմի նման Նիկոլ Փաշինյանի դիկտատուրական կարգավիճակին հետևելով՝ ոստիկանները փակեցին մուտքը մեր առաջ»:

Սոնա Աղեկյանն ասաց, որ աղբը տարել, քաղաքապետարանի դիմաց է թափել, որպեսզի քաղաքային իշխանությունները զգան, թե ինչ է զգում երևանցին: Ու այդ ժամանակ ոստիկանները, Սոնա Աղեկյանի ձևակերպմամբ, իրենց բռնի ուժով բերման են ենթարկել: Հասկանում ենք՝ սա բռնակալական ռեժիմի ձևն է, որ ուզում են ասել՝ նստեք տեղներդ: Մենք հետևողական ենք լինելու մեր ու մեր բնակիչների իրավունքների պաշտպանության համար»:

«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը վստահեցրեց՝ իրենք խաղաղ ցույց էին իրականացրել, փորձել ի ցույց դնել քաղաքային իշխանություններին, որ հարյուր հազարավոր բնակիչներ բողոքում են, այդ նամակները մնում են անպատասխան. «Սակայն մեզ սադրեցին, կոմունալ վարչության պետն իջավ ու մեզ ասաց, որ Սերժ Սարգսյա՞նն է ձեզ հովանավորել, որ եկել եք: Միանգամից զանգեցին ոստիկանություն, և ոստիկանությունը բռնի ուժով, ծեծելով, հրելով մեզ մտցրեց մեքենաները: Մենք հասարակական կարգ չենք խախտել»:

Սոնա Աղեկյանը տեղեկացրեց՝ ցույցերը շարունակվելու են, հետևողական ենք լինելու, Հայկ Մարությանի նախընտրական հոլովակի յոթ կետերին անդրադառնալու ենք հատիկ-հատիկ: Ամեն օր անդրադառնալու ենք աղբահանությանը, չի բացառվում, որ էլի քաղաքապետարանի դիմաց տոպրակներ բերենք ու ասենք, որ աղբահանություն չեք կատարել:

Այնուհետև եզրափակեց. «Եթե հասկանանք՝ «Կարգին Հայկոն» չի կարող դառնալ կարգին քաղաքապետ, միգուցե, չի բացառվում, որ կհայտարարենք «Կարգին Հայկոյի» դեմ իմպիչմենտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031