Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հիմա դատարանից առաջ եք ընկնում՝ ասելով, որ այս կամ այն բանը չկա». բանավեճ Հայկ Սարգսյանի եւ լրագրողի միջեւ

Հուլիս 09,2019 17:05

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մի շարք ԶԼՄ-ների դեմ վեց դատական հայց է ներկայացրել դատարան՝ որոշ հոդվածների համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Հայկ Սարգսյանը նշեց, որ հոդվածներից մեկն է «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել». «Խոսքը իմ մասին է, ես եմ խորհրդարանի նոր Շմայսը, ծանոթացեք»,-հեգնեց Հայկ Սարգսյանը: Ապա ժխտեց հոդվածում առկա տեղեկությունը, թե ինքը, ժամանակին լինելով ՊՎԾ պետի տեղակալ, դեր է ունեցել «Հեմոդիալիզի գործի» հարուցման մեջ:

Ապա Սարգսյանը ներկայացրեց մյուս հոդվածը՝ «Պատգամավոր Հայկ Սարգսյանը դեբոշ է սարքել Երեւան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով: Նա մեջբերեց, որ հոդվածում ինքը ներկայացվում է որպես «Նիկոլ Փաշինյանի երբեմնի ախռաննիկ», ում արդեն հասցրել են կնքել «նյու Շմայս». «Այո, ես եղել եմ այդ ինքնաթիռում, որում եղել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանը, բայց որեւէ խոսակցություն չենք ունեցել, իրար չենք բարեւել, հրել, դիպչել…որեւէ դեբոշ չի եղել: Սա նպատակ ունի արատավորել իմ բարի համբավը»:

Ապա Հայկ Սարգսյանը հարցադրում արեց. «Ինչո՞ւ է Hraparak-ն ինձ անվանում ախռաննիկ-պատգամավոր, շիշ բռնող…»:

Հարցադրմանն արձագանքեց Hraparak-ի լրագրող Լուսինե Շահվերդյանը. «Այդպես եք տպավորվել, պարոն Սարգսյան, լրագրողն իրավունք ունի տպավորությունը ներկայացնել»: Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Մինչեւ հեղափոխությունը եւ դրանից առաջ եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Դա չի նշանակել, թե ես եղել եմ նրա «ախռաննիկ»-ը: Այո, եղել եմ «Ելք»-ի նախընտրական շտաբի պետ, կարգավորել տեխնիկական եւ ոչ տեխնիկական հարցեր, իսկ հեղափոխության ընթացքում էլ կարգավորել եմ տեխնիկական հարցեր՝ կապված փողոցները փակելու, անվտանգության, բարձրախոս տեղադրելու, հոսանք հայթայթելու…բոլոր հարցերում: Արել եմ անձնվիրաբար՝ առանց գումարի: Հակառակը, ես եմ իմ գրպանից ծախսել, ինչպես մեր թիմի բոլոր անդամները: Այս արտահայտությունից վիրավորված եմ, որովհետեւ ամեն օր տանից դուրս գալուց ցտեսություն էի ասում ծնողներիս, ու չգիտեի՝ այդ օրը կվերադառնա՞մ, թե ինձ հաջորդ օրը տուն կբերեն: Ունենք նախադեպ, երբ մարտի մեկին իշխանությունը քաղաքի կենտրոնում գնդակահարեց ժողովրդին: Ուստի ինձ այդպես անվանելը, եւ ասելը, թե ես այդ ծառայության համար եմ հայտնվել խորհրդարանում, կոռեկտ չէ, դա վարկաբեկում է ինձ»:

Լուսինե Շահվերդյանը նշեց. «Դուք հիմա դատարանից առաջ եք ընկնում՝ ասելով, որ այս կամ այն բանը չկա, այսպես չէ, այնպես է…Ի՞նչ իմաստ ունի ձեր ասուլիսը: Դիմել եք դատարանին, լավ եք արել, բայց սա արդյոք չի՞ դիտարկվի որպես ճնշում դատարանի հանդեպ»:

Հայկ Սարգսյանը չհամաձայնեց. «Ո՞նց եք պատկերացնում՝ դատարանի հանդեպ ճնշում…երկու կողմն էլ միշտ ասում է, որ ճիշտ է: Ես մի կողմն եմ եւ ներկայացնում եմ իմ տեսակետը: Ներկայացրեք հանրությանը, եւ թող հանրությունը որոշի՝ ճի՞շտ է դա թե ոչ»:

Ապա Hraparak.am-ի լրագրողն անդրադարձավ Սարգսյանի ավելի վաղ հնչեցրածին. «Դուք ինքներդ ասացիք, որ անվտանգություն էլ եք ապահովել, ինչի՞ց եք այդքան վիրավորվել»:

Սարգսյանը պատասխանեց. «Անվտանգությունն ապահովելն ուրիշ բան է, «ախռաննիկ-պատգամավոր» եւ «շիշ բռնող» անվանելը՝ ուրիշ բան…եթե ձեզ հեգնական տոնով ասեն «շիշ բռնող» կամ «սելֆիի ձող բռնող»…»: Լուսինե Շահվերդյանը հակադարձեց, որ ինքը շիշ չի բռնել:

Հայկ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանում էր մուգ ակնոցներով, քանի որ, ինչպես ինքը նշեց եւ ցույց տվեց, վիրահատել է աչքը. «Ներողություն եմ խնդրում ակնոցներով խոսելու համար»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/486136295292028/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031