Առինջ մոլում ստուգումներն ավարտվեցին, բայց հանրությունը չիմացավ արդյունքների մասին: Այսօր այսպիսի հարց ուղղեցին ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին, որը ասուլիս էր հրավիրել՝ առաջին կիսամյակում հարկային եկամուտների ցուցանիշները ներկայացնելու:
«Քրեական գործ կա հարուցված եւ դրա շրջանակներում դեռեւս ընթանում է, երբ որ կավարտվեն ստուգումները, բնականաբար,մենք հանրությանը տեղյակ կպահենք»:
Կարդացեք նաև
Դավիթ Անանյանը պատասխանելով այն հարցին, թե ովքեր են ավելի շատ աշխատակիցներ թաքցնում, ասաց, որ հիմնականում աշխատողներին չեն գրանցում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: «Խոշորներում չգրանցված դեպքերը շատ ավելի հազվադեպ են պատահում: Ծառայությունների ոլորտում են պատահում այդպիսի դեպքեր, բայց դա էլ պայմանավորված է ոլորտային գործունեության յուրահատկությամբ: Օրինակ՝ հանրային սննդի ոլորտում ընդունված է, որ մատուցողներին որոշակի ժամանակով վերցնում են աշխատանքի՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով հայտ ներկայացնելը, ձեւակերպելը, նրանք ինչ-որ ներքին փորձաշրջան են անցնում: Շատ դեպքերում մենք մտել ենք ստուգման եւ տեսել ենք, որ այդտեղ կա 50 աշխատակից, եւ մենք տեսել ենք, որ այդ անձը հայտարարագրել է 50 աշխատակից, բայց 15 հոգու անուն-ազգանուններ չեն համապատասխանում, այսինքն՝ անընդհատ կա այդ ռոտացիայի գործընթացը: Ստեղ կա տեխնիկական խնդիր, այսինքն՝ անձանց քանակը հայտարարագրված է, բայց կոնկրետ անձը՝ ոչ: Մենք ստիպված արձանագրում ենք դա,ո րովհետեւ կոնկրետ այդ անձի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով աշխատանքի ընդունումը ձեւակերպված չէ: Բայց այստեղ կա նաեւ օրենսդրական խնդիր: Օրենսդրությունը շատ հստակ, մի քիչ էլ խիստ է մոտենում այդ հարցին՝ պետք է նախօրոք հայտը ներկայացնես՝ նոր անձը մտնի աշխատանքի»,-ասաց ՊԵԿ ղեկավարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ