Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Սմիթ. Այսօր Հայաստանը դարձել է հնագիտական հետազոտությունների անցկացման ցանկալի վայր շնորհիվ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատանքների

Հուլիս 09,2019 16:42

Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունում մեկնարկեց «Հայաստանի հնագիտությունը տարածաշրջանային համատեքստում» միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60-ամյակին: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Արժևորելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի անցած ուղին, գիտական ձեռքբերումները՝ ՀՀ ԳԱԱ նախագահը, մասնավորապես, ասաց. «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բոլոր սերունդները հավատարիմ են եղել այն գաղափարին, որ հայագիտության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը հնագիտությունն է: Այդ առումով մենք մեր երախտիքի խոսքն ենք ասում այն կազմակերպիչներին, ովքեր կանգնած են եղել ինստիտուտի ստեղծման և նրա գործունեության ապահովման ակունքներում:

Համոզված եմ, որ այս գիտաժողովը կլինի շատ հետաքրքիր, և կքննարկվեն այն հարցերը, թե հիմա ինչ ուղղություններով պետք է զարգանա հնագիտությունն այս տարածաշրջանում, որովհետև հնագիտությունն ունի ոչ միայն գիտական, այլև մշակութային և քաղաքական նշանակություն»:

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի անունից ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին 60-ամյա հոբելյանի առթիվ և մաղթեց գիտական նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ: Իր ելույթում Նարինե Խաչատուրյանը հնագետներին բնութագրեց որպես ժամանակները միմյանց կապող, տրամաբանական շղթան վերստեղծող մարդիկ: «Մարդկության մշակութային պատմությունը սկսվում է հնագետներից և ազգագրագետներից: Ձեր ուժն անխոցելի փաստերն են: Ձեզ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և վստահ եմ, որ մեր համագործակցությունը շատ խորը արմատներ գցի»,- ասաց Նարինե Խաչատուրյանը:

«Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 60 տարիների ընթացքում հսկայական ճանապարհ է անցել, և կարելի է ինստիտուտի հրապարակումների, նաև միջազգային կապերի հիման վրա պնդել, որ այն այսօր ընթանում է համաշխարհային հնագիտության հետ համընթաց: Ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքներով բավական հարստացել է հայոց պատմության հնագիտական հենքը, և այսօր շատ տեսություններ՝ հատկապես պատմագիտության ասպարեզում մեր ժողովրդի ծագման, պետական կառավարման համակարգերի սկզբնավորման շատ խնդիրներ,  լուսաբանվում են նորովի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից ստացված նոր արդյունքների շնորհիվ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց ՀՀ  ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթն ընդգծեց, որ այսօր Հայաստանը դարձել է հնագիտական հետազոտությունների անցկացման ցանկալի վայր ի շնորհիվ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատանքների: Ինստիտուտի հետ ունեցած 30-ամյա համագործակցության ժամանակահատվածի համար պրոֆեսոր Ադամ Սմիթն առանձնացրեց 3 կարևորագույն ձեռքբերում. «Առաջին ձեռքբերումն այն է, որ համագործակցության շնորհիվ կուտակվեցին մեծ քանակով տվյալներ, որոնք հասանելի դարձան համաշխարհային հնագիտական համայնքի համար: Այս իմաստով չափազանց կարևոր է «Արամազդ» հանդեսի դերը, որը խոսափող հանդիսացավ հայկական հնագիտությունը աշխարհին ներկայացնելու համար: Երկրորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ ինստիտուտը հնարավորություն ունեցավ ներգրավվելու միջազգային հետազոտական ծրագրերում, իսկ երրորդը՝ ինստիտուտի մեծ աշխատանքն է հնագետների նոր սերունդ դաստիարակելու գործում»:

Վինչեսթերի համալսարանի պրոֆեսոր Քեյթ Վիլքինսոնն էլ իր ելույթում նշեց. «Դուք բախտավոր եք ձեր հնագիտական ժառանգությամբ: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի և նոր հայտնագործություններ կունենանք»:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջազգային համատեղ ծրագրերով կատարված հետազոտությունների՝ մասնավորապես հայ-ամերիկյան, հայ-իտալական, հայ-ճապոնական, հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական, հայ-գերմանական համատեղ արշավախմբերի հետազոտությունների արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հիմնադրվել է 1959թ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի հնագիտության բաժնի և ազգագրական խմբի հիման վրա: 1961թ. ՀՍՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտից այնտեղ է տեղափոխվել Բանահյուսության բաժինը, իսկ 1973թ. ստեղծվել է Մարդաբանական լաբորատորիան: Հնագիտության և ազգագության ինստիտուտի առաջին տնօրենն է եղել ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը: 1987թ. նրան հաջորդել է պ.գ.դ. Գևորգ Տիրացյանը,  1993թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Արամ Քալանթարյանը:  2006 թվականից  ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Պավել Ավետիսյանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031