Ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը կարծում է՝ թյուր կարծիք է, որ սեղմված բնական գազով լիցքավորված ավտոմեքենաներն ավելի վտանգավոր են, քան մյուսները: Այս մասին այսօր Սիմոնյանն ասաց «Տեսակետ» ակումբում՝ վերջին օրերին ողբերգական վթարների մասին քննարկմանը: Նա նշեց, որ պարզապես հարկավոր է գազային բալոնով մեքենաների համար հավելյալ անվտանգության միջոցներ կիրառվեն, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերն ու վտանգը:
Ճանապարհային երթեւեկության խնդիրների ու կարգազանց վարորդների մասին էլ ասուլիսին ներկա վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանն ասաց, որ տուգանքներն, անկախ չափից, չեն օգնում. «Հայաստանում զսպող մեխանիզմը չի աշխատում, 100 հազար տուգանքը վճարում է, էլի շարունակում: Ոչ մի պետական կառույց իր վրա պատասխանատվություն չի վերցնում կարգավորելու խնդիրները, ոչ տրանսպորտի նախարարությունը, ոչ ճանապարհային ոստիկանությունը: Վերջին վթարները, որ տեղի են ունեցել, եթե նկատել եք՝ եղել են ճանապարհների վատ հատվածներում»: Ըստ Խաչատրյանի՝ ոլորտում խնդիրները համակարգային են՝ վատ ճանապարհները, երթեւեկության նշանների բացակայությունը, կեղծ տեխզննումն ու վարորդական վկայականները:
Խաչատրյանի խոսքով՝ կարգազանց վարորդներին, տուգանքը որպես պատժի միջոց, չի գործում հարկավոր են այլընտրանքային միջոցներ՝ հանրային աշխատանք, նորից քննություն. «Օրինակ Գերմանիայում նույն խախտումը տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Իդիոտ-թեսթ» են անցնում, ուղարկում են հոգեբանի մոտ ստուգվելու»:
Կարդացեք նաև
Բանախոսները նշեցին, որ այսօր էլ առանց մեքենան տեխզննման վարորդին համապատասխան կտրոնը տալիս են:
Ոստիկանության նախագիծը՝ երթեւեկության բալային համակարգի ներդրման, արդյոք դրակա՞ն կազդի, ոստիկանությունը վստահեցնում է, որ կարգազանց վարորդներին «ուշքի բերելու» միջոց է եւ այս բալային համակարգը մշակվել է, քանի որ ՃՏՊ-ների արդյունքում զոհերի եւ վիրավորների թիվն ավելանում է: Խաչատրյանն այս համակարգին թերահավատորեն է վերաբերվում, Սիմոնյանը դրական կարծիք հայտնեց:
Մանրամասն՝ տեսանյութում
Իսկ սոցցանցերում հնչած, այդ թվում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն առաջարկին՝ բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել, բանախոսները համամիտ չեն, նշելով՝ ոչ ոք իրավունք չունի ազնվորեն քննություն հանձնած վարորդի բարեխղճությունը կասկածի տակ դնել եւ հետ վերցնել իրավունքը, մանավանդ որ օրենքով կան հիմքեր իրավունքը հետ վերցնելու, բայց դա կարգազանցներին է վերաբերում:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ