Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրի դատարանը`նախագահող Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, արդեն երկրորդ անգամ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը` Մանվել Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու մասին:
Վահե Դովմազյանն ի սկզբանե առարկեց միջնորդության դեմ`ասելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ դրանում նոր հիմքեր չկան, իսկ նախորդ նիստում դատարանն արդեն մերժել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Դատախազը նաեւ հայտարարեց, որ պաշտպանական կողմն, ամեն նիստի միջնորդություն ներկայացնելով, չարաշահում է իր այդ իրավունքը։
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը պնդեց միջնորդությունը: Նա դատարանում հայտարարեց, որ կա դեղամիջոց, որն այս իրավիճակում կօգնի Մանվել Գրիգորյանին, դա մի քանի բժիշկներ են փաստել, մինչդեռ այդ դեղամիջոցը գրանցված չէ Հայաստանում եւ կալանքի տակ գտնվելով՝ Մանվել Գրիգորյանը չի կարող այն ընդունել: Պաշտպանը հիշեցրեց բժշկական փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ իր պաշտպանյալի ոտքի 70-90 տոկոսը չի գործում։
Պաշտպանը նկատեց`մասնագետներն արձանագրել են, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բացասական դինամիկա է գրանցում եւ դատարանին խնդրեց`ներկայացված փաստաթղթերին գնահատական տալ։
Պաշտպանը նաեւ հակադարձեց մեղադրողին`ասելով. «Արդեն որերորդ դեպքն է իրավունք է տալիս գնահատական տալ»: Մեղադրողն իր խոսքում անդրադարձել էր պաշտպանների միջնորդության այն հատվածին, որում դատարանից խնդրում են` «անհապաղ ազատ արձակել»: Ըստ մեղադրողի պաշտպանների խնդրանքը «հրամայական տոնով է»:
Լեւոն Բաղդասարյանը նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բժիշկները երկու խնամող են պահանջել Մանվել Գրիգորյանի համար, մինչդեռ ՔԿՀ-ն մերժել է`նման ընթացակարգ չլինելու պատճառով: Պաշտպանը գտնում է, որ սա ևս ապացույց է Մանվել Գրիգորյանի վիճակի ծանր լինելու մասին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Միջնորդությունը մերժելու որոշումից հետո նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի հաջորդ երեքշաբթի օրը: Դատարանը պաշտպաններին խնդրեց` հաջորդ նիստին ապահովել փորձագետների ներկայությունը: Խոսքը միջազգային փորձագետների մասին է, ովքեր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին եզրակացություններ պետք է ներկայացնեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ