«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մի շարք ԶԼՄ-ների դեմ վեց դատական հայց է ներկայացրել դատարան՝ հրապարակված հոդվածների համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Սարգսյանը եւ մեկնաբանեց իր անվան հետ կապված վերջին աղմկոտ տեղեկությունները: Նա նախ նշեց, որ նախկինում էլ հիմքեր է ունեցել որոշ լրատվամիջոցների դատի տալ, բայց նոր է գործընթացը սկսել, որովհետեւ ուղղորդում է տեսնում. «Այլ տարբերակ չկա»: Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ԶԼՄ-ներից մեկը հրապարակել է «Հայտնի է, թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենան եւ ինչի համար» վերնագրով հոդված, որում կից լուսանկարում ինքը կարմիր «Մերսեդես»-ով է:
«Բովանդակությունն այն է, որ ես օրենսդրական նախաձեռնությամբ պաշտպանել եմ «Գուդվին» ընկերության շահերը, որի սեփականատերն ինձ նվիրել է 150 000 դոլար արժեքով մեքենա: «Գուդվինի» եւ վիճակախաղերի գործունեության հետ կապված իմ բոլոր փաստարկները ես ներկայացրել եմ հրապարակային: Սա վարկաբեկում է ինձ՝ որպես պատգամավորի, որը չէր կարող կոռուպցիոն գործարքների մեջ մտնել»,-վստահեցրեց Հայկ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ կարմիր մեքենան պատկանում է իր ռուսաստանաբնակ ընկերոջը, որը ՌԴ-ում զրոյից հաջողությունների է հասել, ապա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ եկել հայրենիք, մեկնել սահման, խոշոր գումարներ նվիրաբերել բանակին. «Հպարտ եմ, որ նման ընկեր ունեմ: Այո, նրա մեքենան վարելը կարող է ճիշտ չմեկնաբանվել, բայց ես այն վարել եմ տասը րոպե: Այն հիմա ՌԴ-ում է՝ ընկերոջս հետ: Բերել էր ՀՀ գալուց, ապա տարել հետը»:
Հայկ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանում էր մուգ ակնոցներով, քանի որ, ինչպես ինքը նշեց եւ ցույց տվեց, վիրահատել է աչքը. «Ներողություն եմ խնդրում ակնոցներով խոսելու համար»:
Կարդացեք նաև
Հայկ Սարգսյանն արձանագրեց. «Ճիշտ եմ արել, որ դիմել եմ դատարան: Դատի եմ տվել, որպեսզի բոլորին ապացուցեմ, որ այս ամենը զրպարտություն է եւ ինձ հետ կապ չունի»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/486136295292028/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ