ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում կալանք է դրվել Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի, դրամական միջոցների վրա։ Մանվել Գրիգորյան շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն այսօր դատարանում միջնորդություն ներկայացրեց`ընկերության գույքի եւ դրամական միջոցների արգելանքը վերացնելու համար:
Նա հայտարարեց, որ այդ պատճառով կասեցվել է ընկերության գործունեությունը, ինչի արդյունքում Մանվել Գրիգորյանի ընտանիքը չի կարողանում կատարել առաջացած հարկային պարտավորությունները, չի վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, չեն վճարվում սպասարկման կոմունալ վարձերը, եւ, առհասարակ ընկերությունը վնասներ է կրում։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ միջնորդությունն ուղղակիորեն առնչվում է որոշակի ապացույցների հետազոտմանը եւ առանց ամբաստանյալի մասնակցության, հնարավոր չէ այդ հարցը քննել։ Այն կքննարկվի ավելի ուշ` Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ:
Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այդ որոշումը կայացվել է քննիչի կողմից:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանին եւ նրա կնոջը`Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել`ապօրինի կերպով զենք եւ զինամթերք պահելու, ինչպես նաեւ խոշոր չափի դրամական չարաշահումների համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ