Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ ենք ազատվելու շահամոլ ու «ռոբոտ» դատավորներից. Անահիտ Բախշյան

Հուլիս 09,2019 15:45

Կրկին ստիպված եմ խոսել մեր հասարակության որոշ անդամների մոտ խղճի իսպառ ու ամոթալի բացակայության մասին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ․ Ափինյանի նախագահությամբ ս․թ․ հուլիսի 4-ին կայացվել է մի վճիռ, որով սույն դատավորը Փարպեցի 9 հասցեում գործող «Էդ էր հոսթել»-ի տեր, անհատ ձեռներեց հորն «օգնել» է չվճարել նրա 2 տղաների համար պատշաճ ալիմենտ, ի դեպ տղաներից մեկը՝ փոքրը, ունի ի ծնե հաշմանդամություն՝ «արտգրիպոզ» ախտորոշմամբ, այսինքն տղայի ձեռքերի մկանները չեն գործում և ի դեմս մոր ու եղբոր, մշտապես օգնության կարիք ունի։ Մեծ տղան 9-րդ դասարանում է սովորում, նախկին կինը, հասկանալի պատճառով, չի աշխատում։

Իհարկե պատկերացնում եք անհատ ձեռներեցի նախկին կնոջ սոցիալական վիճակը, ընտանիքը հաշվառված է «Փարոս» համակարգում և գոյատևում է հաշմանդամության չնչին թոշակով ու այս խղճուկ ալիմենտով։

2018-ին հունվարի 18-ին անհատ ձեռներեցի նախկին կինը ալիմենտի չափի փոփոխության խնդրանքով դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2 տղաների համար 25000 դրամ ալիմենտը սահմանել 60000 դրամ, քանի որ տեղյակ է եղել նախկին ամուսնու գույքային դրության շահեկան փոփոխության մասին։ Փաստաբանը հայցադիմումի հետ միասին ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց մեջ է նաև այս ընտանիքի «Փարոս»-ի անդամ լինելու, երեխայի հաշմանդամության, ինչպես նաև անհատ ձեռներեցի գույքային շահեկան փոփոխությունների վերաբերյալ հայցվորի ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որոնց մեջ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետի ստորագրությամբ 16․04․2018թ․ տրված տեղեկանքն առ այն, որ Ա/Ձ Էդգար Հակոբյանի մոտ իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեկ վարձու աշխատողի չգրանցման փաստ, որի պատճառով ձեռներեցը տուգանվել է, իսկ 2018թ․ առաջին եռամսյակի շրջանառության հարկը կազմել է 1․163․000 դրամ։ Այս փաստաթուղթը բավական էր, որպեսզի դատարանը միջնորդեր համապատասխան պետական մարմիններին և բացահայտեր անհատ ձեռներեց Էդգար Հակոբյանի գործունեության ամսեկան իրական շրջանառությունը։ Այնինչ ս․թ․ հուլիսի 4-ին դատավոր Ափինյանի կայացրած վճռի որոշման մեջ գրված է, որ Հայցվորի կողմից առհասարակ որևէ ապացույց չի ներկայացվել պատասխանողի գույքային շահեկան փոփոխության վերաբերյալ, երբ այն ակնհայտ է։ Ավելին, վճռի մեջ ոչ մի տող չի գրված այն մասին, որ անհատ ձեռներեցն առաջին կնոջից ունի հաշմանդամ երեխա ու դատարանը չի պարտավորեցրել նրան հոգալ սեփական երեխայի առողջության վերականգնման համար անհրաժեշտ ծախսերն այն դեպքում, երբ դատարանի վճռում երկար-բարակ մեջբերում կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման մեջ այն մասին, որ պետական իրավասու մարմինները, այդ թվում նաև՝ դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից։ Այս դեպքում հաստատ փոխվել են ալիմենտի նշանակման հանգամանքները, նախկին ամուսնու սոցիալական վիճակն ակնհայտորեն բարելավվել է և դատարանը պարտավոր էր ընդառաջել 2 տղաների մոր պահանջը, որը ոչ միայն չի արել, այլև վճռի մեջ գրված է․ «Գործի դատավարական նախապատմության» մեջ պարզել են, որ անհատ ձեռներեցի նախկին կինը պահանջել է նվազեցնել ալիմենտի չափը, զավեշտ է, չէ՞, բա էսպիսի դատավճիռ գրող դատավորի մասին ի՞նչ կարծիք կարելի է կազմել։

Մեծ հույս ունեմ, որ «Գալիկյան» փաստաբանական գրասենյակը շատ գրագետ կերպով բողոքարկելու է սույն վճիռը ու Վերաքննիչ դատարանը, որքան հնարավոր է արագ, ի օգուտ Հայցվորի, արդարացի վճիռ է կայացնելու։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

09․07․2019թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031