Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է փամփերսի առաքիչը լուրջ պաշտոն զբաղեցնի». Պատգամավորները բողոքում են՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի համար անգամ ստաժ պետք չի

Հուլիս 09,2019 15:25

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն ԱԺ արտահերթ նիստում «ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց:

2001-ից ԵԽ անդամ դառնալուց հետո, այնուհետեւ 2002-ին կոնվենցիան վավերացնելուց հետո խնդիր էր առաջացել պատշաճ ապահովել ՀՀ կառավարության շահերը ՄԻԵԴ-ում: Տարիների ընթացքում ՀՀ ներկայացուցիչը համատեղության կարգով պաշտոնավարել էր մի շարք աշխատանքներում՝ փաստացի համատեղելով նաեւ ՄԻԵԴ-ում ներկայացուցչի պաշտոնը եւ ի պաշտոնե նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունում պարտավոր էր աջակցել ՀՀ լիազոր ներկայացուցչին: Տարիների ընթացքում ՄԻԵԴ-ում ավելացավ ՀՀ-ի դեմ ներկայացվող գանգատների թիվը եւ վերջին տարիներին ՄԻԵԴ-ը նոր աշխատանքային մեթոդներ ներդրեց ու արագացրել է կոմունիկացիաները ՀՀ-ի հետ: Ներկայումս վարչապետի խորհրդականն է իրականացնում լիազոր ներկայացուցչի պարտականությունները, խնդիրներ են առաջանում, որովհետեւ որոշ կարգավորումներ չկան:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ ՄԻԵԴ-ում պարտված գործերի մասին, երբ ՀՀ-ի դեմ վճիռներ կան, դերակատարություն ունեցած չինովնիկների պատասխանատվության հարց չկա՞, չպե՞տք է ստորին օղակներից մինչեւ դատավոր պատասխանատվության ենթարկել: Փոխնախարարը պատասխանեց, որ պետությունը կարող է կանխարգելել այն բոլոր խնդիրները, որոնք վաղը հայտնվելու են ՄԻԵԴ-ում. «Պետք է հաշվի առնել, թե այն թեկուզ վարչական սխալները, որոնք թեկուզ տեղի են ունեցել, հետո որքանով են ճիշտ լուծումներ տրվել: Եթե պետությունը սխալվել է, պետք է համապատասխան փոխհատուցումը տրամադրի՝ կապված խախտման ծանրությունից եւ մասշտաբներից»:

Հովհաննես Հովհաննիսյանն էլ հարցրեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում գտնվող գործերի հնարավոր փոխհատուցման ծավալը, այսինքն, այն հնարավոր չափը, որ ՀՀ-ն կարող է փոխհատուցել: Արտակ Ասատրյանը պատասխանեց, որ այս պահին կան 111 գործով վճիռներ, որոնցից 107-ում ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, նաեւ բանակցությունների արդյունքում հաշտություններ են կայացել: ՄԻԵԴ-ի վճիռներով ՀՀ-ն հատուցել է ընդհանուր մոտ 1 մլն 360 հազար եվրոյի չափով գումար: Ընդհանուր առմամբ ՀՀ-ից պահանջվել է 21,5 մլն եվրոյի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում դրանց չափը նվազեցվել է: Թե ինչ կլինի հետագայում, փոխնախարարն ասաց, որ հնարավոր չէ գնահատել:

Հովհաննիսյանը նաեւ հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն, թե ո՞ր դատավորների կայացրած որոշումներն են դառնում խնդրահարույց ու դրանց պատճառով ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ վճիռներ են կայացվում: Փոխնախարարը պատասխանեց, որ նման պատկեր չունեն:

Պատգամավորները հետաքրքրվեցին նաեւ կոնկրետ նախագծից՝ ինչո՞ւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի թեկնածուի համար չկա ստաժի հետ կապված որեւէ պահանջ: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Մենք հատուկ որեւէ ստաժի չափանիշ չենք դրել, նվազագույն պահանջների սահմանումը նպատակ է հետապնդել հնարավորինս ճկուն հնարավորություն տալու՝ թեկնածուի հետ կապված, դրա համար շատ չենք բարդացրել: Պատահական մարդու դժվար թե վարչապետը նշանակի այդ պաշտոնում՝ իհարկե, գնահատելով անցած ճանապարհը՝ փորձ, լեզուների իմացություն, երկրի օրենսդրության իմացություն եւ այլն»:

Սա զարմացրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Նա ասաց. «Գիտեք, էդ օտար լեզու իմանալը մի սարքեք էլի կոսմիկական բացառիկ առաքելություն: Բնականաբար, որ ՄԻԵԴ-ի ներկայացուցիչ է, պիտի օտար լեզու իմանա: Բայց մարդը կարող է մինչեւ 25 տարեկան իրենց թախտին նստած օտար լեզվի տիրապետել եւ այնտեղից տեղափոխվել ՄԻԵԴ՝ չունենալով որեւէ փորձառություն: Ցավոք, վերջին շրջանում մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, երբ կներեք, կարող է փամփերսի առաքիչը լուրջ պաշտոն զբաղեցնի: Ես առաքիչների, նրանց արած գործի հանդեպ մեծագույն հարգանք ունեմ, բայց նման պատասխանատու պաշտոն պետք է ունենա լրջագույն ուղի անցածը: Այն, որ մենք ամրագրել ենք օտար լեզուների իմացություն՝ անգլերենի, ֆրանսերենի կամ գերմաներենի իմացությունը մի սարքեք աստվածաշնչյան բացառիկ մի հատ առաքելություն, որով օժտված են դրանով, այսօր ՀՀ երիտասարդության գրեթե 90 տոկոսը հրաշալի տիրապետում է օտար լեզուների, բայց դա բացարձակ պայման չէ, որպեսզի նրանք նաեւ օրենսդրության որոշակի բազայի տիրապետելով՝ իրենց տան թախտից ուղիղ անցում կատարեն ՄԻԵԴ»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հորդորեց երկքաղաքացիներին թույլ չտալ լինել ՄԻԵԴ ներկայացուցիչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031