«Մեր ազգի համար շատ անհանգստացնող հարց է Սեւանի հարցը: Ասում եք, որ պետք է բարձրացնեք, որ էդ կանաչը վերանա, անցած տարի նույն դեպքը եղել է, փորձաքննություն արե՞լ են՝ ինչի՞ հետեւանքով է դա եղել: Անցած տարի ուսումնասիրե՞լ եք, նույնը եղավ, էն մեր տղեն էլ ջուրը խմավ՝ թունավորվավ, հերոսի կոչում ստացավ: Բարձրացնելը ուրիշ նշանակություն ունի: Օրինակ, իմ հասկացողությամբ, ես էլ եմ էնտեղ շրջել, ԵԿՄ-ն ճամբար ունի այնտեղ, գնացել եմ: Հիմնականում այդ անտառից է, որ անտառահատում չարինք, չմաքրինք, դրանից է, թե չէ ուրիշ բան չկա այնտեղ, տորֆի շերտ է: Թունավորում, չգիտեմ ինչ… եթե այդպես լիներ՝ ձկներն էլ կսատկեին»,- այսօր ԱԺ-ում կանաչած Սեւանա լճի խնդրի հետ կապված իր տեսակետն այսպես ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Ի պատասխան՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ միանշանակ է՝ Սեւանի ջրի մակարդակը պետք է բարձրացվի. «Մի թիվ եմ ուզում բերել՝ 1 սմ ջրի բարձրացումը 13 մլն խմ է: Տեղեր կան, որ 5-10 սմ կարող է բարձրանալ, ափը բավականին առաջ գալ: Անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն, բայց միեւնույն ժամանակ անտառատնկում պետք է իրականացվի, որովհետեւ հոսող ջրերը նաեւ պահում են նույն ֆոսֆորային նյութերը այսպես ասած, որ չգան»:
Նախարարն ասաց, որ Սեւանը կանաչել է նաեւ 1964-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ