«ՊԵԿ-ն այժմ մի փոքր հետ է քաշվել այդ պրոցեսից, որովհետեւ գտնում ենք, որ այդ գործընթացը շատ հուսալի ձեռքերում է»,-այսօր Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նախագծի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը: Նա նկատի ուներ իր նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանին, որը ներկայումս արդարադատության նախարարն է եւ ի պաշտոնե ղեկավարում է այդ նախագծի վերաբերյալ աշխատանքային խումբը:
Անանյանի խոսքով. «Այնուամենայնիվ, մենք այնտեղ ունեինք շատ ակտիվ դերակատարում, քանի որ մենք էինք, ըստ էության, տանում այդ թեզը: Իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը իրավական հարցերով շատ ակտիվ ընդգրկված էր այդ հարցում: Ես շատ ուրախ եմ, որ ինքն այժմ, լինելով արդարադատության նախարար, այդ հարցն ի պաշտոնե ավելի համակարգված կտանի առաջ»:
Դավիթ Անանյանն ասաց, որ հանրության շրջանում նախագծի վերաբերյալ կան տարընկալումներ: ՊԵԿ նախագահի խոսքով, հնարավոր չէ որեւէ անձի սեփականության իրավունքից զրկել՝ առանց դատական որոշման. «Այս սկզբունքը մշտապես պահպանվելու է: Պետական որեւէ մարմին իրավունք չունի որեւէ անձից խլել իրեն պատկանող գույքը պետությանը պատճառած վնասի դիմաց: Այդպիսի բան հնարավոր չէ: Ուղղակի կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են: Չի կարելի եւ հնարավոր չէ այնպիսի իրավական ակտ ընդունել, որն անձին կարող է զրկել սեփականության իր իրավունքից՝ առանց դատական ակտի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ