Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում նախարարին հաղթած տնօրեն. «Կրել ենք բարոյական եւ ֆինանսական վնասներ»

Հուլիս 09,2019 14:16

Դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի հրամանը՝ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Կարապետյանն ասաց, որ գրեթե համոզված էր, որ նման վճիռ կլինի:

Ինչ վերաբերում է հարցին, որ թատրոնում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, ինչպե՞ս են ինչ-ինչ հարցեր կարգավորելու, տիկին Կարապետյանը պատասխանեց. «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել, որը թատրոն ոտք չի դրել: Կարծում եմ դա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կարգավորվեիք հարցն է` ըստ օրենքի: Ես տեղյակ եմ պահել նախարարությանը դատարանի վճռի մասին, պատրաստվում եմ այն ներկայացնել նախարարություն, որպեսզի իմ բոլոր իրավական հարցերին լուծում տրվի»:

Տիկին Կարապետյանը տեղեկացրեց. «Թատրոնը ֆինանսական առումով այս ընթացքում կաթվածահար է եղել, սակայն ստեղծագործական առումով չի դադարեցրել իր գործունեությունը: Մենք մեր փորձերն արել ենք, առաջիկայում երկու պրեմիերա ունենք: Նախկինում էլ ասել էի, որ իրենց պատճառով մեր պրեմիերաները հետաձգվել են: Շատ մեծ «Նարեկացի» ծրագիր ունենք, որը իրականացնում ենք բեմադրիչ Արթուր Սահակյանի եւ «Հովեր» երգչախմբի հետ: Դա շատ ձգձգվեց, մինչդեռ վաղուց կարող էինք ունենալ: Մենք կրել ենք բարոյական եւ ֆինանսական վնասներ»:

Գայանե Կարապետյանի խոսքերով. «Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարի անգործության պատճառով կուտակվել են լուրջ տուգանքներ հարկային դաշտում, 6 ամիսների հաշվետվությունների տույժ-տուգանքները եւս եկել են իմ անվան տակ, քանի որ տնօրենի պաշտոնակատարը չի էլ տեղեկացրել հարկային ծառայություններին, որ կա ժամանակավոր պաշտոնակատար, եւ ըստ նախարարության հրամանի` նախկին տնօրենն ազատված է: Այդ բոլոր հարցերից նախարարությունը տեղյակ է, ես բոլոր փաստաթղթերը տրամադրել եմ եւ կարծում եմ, որ շատ շուտով հանդիպում կունենանք, այս հարցերը կքննարկվեն ու իրավաբանական լուծում կստանան:

Ինչ վերաբերում է տարածքի խնդրին, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ տարածքը երբեւէ մշակույթի նախարարությանը չի պատկանել դեռ 2006թ-ից, բոլոր գործողությունները ապօրինի են եղել, եւ Նազենի Ղարիբյանի, եւ նրա ենթակաների կողմից, որոնք դուռ են կոտրել, սխալ տեղեկատվություն են տվել ոստիկանությանը, դատախազությանը, իրավապահ մարմիններին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031