ԱԺ-ում այսօր ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը քահ-քահ ծիծաղեց՝ լսելով լրագրողներից ներողություն խնդրելու մասին հարցը: Հիշեցնենք, որ նման հորդորով էին հանդես եկել լրագրողական կազմակերպությունները:
«Դուք ձեր հարցը հասկանո՞ւմ եք՝ ինչ եք հարցնում»,-ծիծաղելուց հետո հարցին հարցով պատասխանեց Ծառուկյանը, ապա ասաց,-«Բայց ինչի՞ համար, թող լրագրողներից պահանջեն իրենց պահվածքը Ծառուկյանի հանդեպ: Ծառուկյանը երբեք՝ բացի ջերմ եւ քաղցր վերաբերմունքից… բայց եթե լրագրողները ոչ սազական բաներ են թույլ տալիս…դուք ոչ թե հարցեր եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանել: Ես ձեր սաղի ցավը տանեմ, եթե դուք ինձ լիարժեք հարց տաք, կպատասխանեմ: Որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց ամբողջ տարում երեք անգիր արած հարց ունեք»:
Հիշեցնենք, որ ըստ լրագրողական կառույցների հայտարարության՝ հունիսի 19-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով. «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզաննա Ստեփանյանի՝ օրենքին ենթարկվելու մասին հարցին ի պատասխան նա զայրացել ու ագրեսիվ տոնով ասել է. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ նույն անձը անբարեկիրթ պահվածք է դրսևորում և վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների հասցեին։ Ընդ որում՝ դրանցից մեկի ընթացքում, երբ նրան դուր չէր եկել «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը, ԲՀԿ առաջնորդը սպառնացել է, թե լրագրողը դեռ պետք է պատասխան տա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2279739955480023/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԲՀԿ, Գագիկ Ծառուկյան, Հռիփսիմե Ջեբեջյան