Ժամանակին հնչում էին խոստումներ՝ գազի, ինչպես նաև հանրային այլ ծառայությունների սակագները նվազեցնելու վերաբերյալ, այսօր դրա մասին բոլորը մոռացել են։ Կարծես նման խնդիր այլևս չկա և չի էլ եղել։
Անցած տարի դեռ մի կերպ հաջողվեց խուսափել գազի և հանրային մյուս ծառայությունների սակագները բարձրացնելուց։ Թեև դա այնքան էլ հեշտ չտրվեց։ Առանձին ոլորտներում կառավարությունը ստիպված էր գնալ լուրջ զիջումների՝ սակագների բարձրացում թույլ չտալու համար։
Խոսքը, մասնավորապես, ջրամատակարարման մասին է, որտեղ սակագնի բարձրացումը հաջողվեց կանխել մի կողմից՝ փոխհատուցման նախկին մեխանիզմների պահպանման, մյուս կողմից՝ նախատեսված ներդրումների մի մասից հրաժարվելու դիմաց։ Թեև դրանով խնդիրն ամբողջությամբ չլուծվեց։ Օգոստոսին ջրամատակարար ընկերությունը ներկայացնելու է հերթական տարվա սակագների ճշգրտման հայտը։ Կասկած չկա, որ դարձյալ առաջարկվելու է բարձրացնել խմելու ջրի գինը։
Սակագների բարձրացման ռիսկերը, իհարկե, միայն այս ոլորտում չեն։ Դրանք պահպանվում են նաեւ մյուս տեղերում։ Բայց առավել սուր է դրված խնդիրը գազամատակարարման դեպքում։
Կարդացեք նաև
Մեծ է հավանականությունը, որ ներմուծման հերթական թանկացումը կհանգեցնի նաև ներքին սակագների բարձրացման։ Մինչդեռ, ժամանակին խոսվում էր համակարգում կոռուպցիոն երևույթների ու թալանի, չհիմնավորված բարձր սակագների սահմանման ու յուրացումների մասին։ Դրանք բացահայտելու նպատակով իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունը հատուկ հանձնաժողով ստեղծեց, որն ամիսներ շարունակ քննարկեց խնդիրը, նույնիսկ որոշ հայտարարություններ արեց սակագների նվազեցման հնարավորությունների վերաբերյալ, բայց արդյունքում ամեն ինչ մնաց նույնը։
Դրան հաջորդեց կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» ձևավորված աշխատանքային խմբի ստեղծումը, որը, արդեն վեց ամսից ավելի է, ինչ ուսումնասիրություններ է իրականացնում գազամատակարարման համակարգի օպտիմալացման և ծախսերի կրճատման ուղղությամբ։
Մի պահ հայտարարվեց համակարգում մեծաքանակ կրճատումների մասին։ Խոսքը շուրջ 1000 աշխատողի մասին էր։ Բայց այդ գործընթացն էլ կարծես ժամանակավորապես կասեցված է։
Շատ որկար է ձգվում նաև աշխատանքային խմբի աշխատանքը։
Դրա արդյունքների մասին առայժմ խոսք չկա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում