Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեկոլոգը տեւական ժամանակ ինչ-ինչ բուժումներ է իրականացրել՝ փոխանակ ուղղորդելու բուժել քաղցկեղը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 09,2019 13:19

47-ամյա Անուշ Ղարիբյանի դուստրը վստահ է, որ մայրն այսօր մահվան շեմին է հասել բժշկի սխալի կամ թերացման պատճառով, որովհետեւ գինեկոլոգը տեւական ժամանակ ինչ-ինչ բուժումներ է իրականացրել՝ փոխանակ ուղղորդելու բուժել քաղցկեղը:

Ինեսան պատմում էր, որ մոտ երեք տարի առաջ մայրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում աշխատող գինեկոլոգ Գայանե Մկոյանի հետ հաճախել է անգլերենի դասընթացների։ Այնտեղ էլ ծանոթացել են։ Անուշ Ղարիբյանն առողջությունից որոշակի գանգատներ է ունեցել։ Գայանե Մկոյանն առաջարկել է հետազոտվել։

«Բժշկուհին ասել է, որ քեզ մոտ պապիլոմա վիրուս է, կուզե՞ս արի արգանդդ հեռացնեմ։ Մամաս հրաժարվել է: Մամաս միշտ շեշտել է՝ վախենում եմ նարկոզից։ Բժշկուհին ասել է՝ դե լավ, ոչ մեկին ոչ մի բան մի ասա, ես քեզ կբուժեմ։ Հաջորդ օրը կանչել է վիրահատության՝ կոնիզացիայի. արգանդի վզիկի մի մասը հեռացրել է, բիոպսիա արել։ Ինքը ուռուցքի անուն չի տվել իմ մամային երբեւիցե։ Ինքը երբեւիցե չի ասել, որ չարորակ քաղցկեղ է մոտդ։ Փաստորեն ուռուցքը հեռացնում է, կեսը թողնում է։ Հետո ասել է՝ Անուշ, ոնց որ լավ վիրահատություն չեմ կատարել, արի այրեմ։ Մամաս հարցրել է՝ ինչն ես այրում, ասել է՝ էրոզիա։ Ութ ամիս շարունակ սոլկովագինով էրոզիան այրում է: Ինքը ուռուցք է այրում»,– ընդգծում է Ինեսան։

Հավելում է, որ բիոպսիայից հետո էլ բժիշկը մորն ընդամենը հայտնել է դրական պատասխան լինելու մասին, ինչը մայրը հասկացել է հակառակ իմաստով։ Այսինքն՝ ամեն ինչ լավ է եւ քաղցկեղ չկա. «Հիվանդը պարտավոր չէ հասկանալ՝ դա ինչ է նշանակում։ Այդպես լինի, բոլորս բժիշկ կլինենք։ Բժիշկը ինքն է, ինքն էր պարտավոր զգուշացնել, որ դրականը նշանակում է՝ դու քաղցկեղով հիվանդ ես, գնա դիմիր քիմիաթերապիայի, ճառագայթման։ Ես օնկոբժիշկ չեմ»։

Կոնիզացիայից հետո Անուշ Ղարիբյանի վիճակը ոչ միայն դեպի լավը չի գնում, այլեւ ընդհակառակը։ Հարազատները նրան տանում են Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, ըստ Ինեսայի դարձյալ չկասկածելով քաղցկեղի գոյությունը։

«Մորաքույրս տանում է Հայ-ամերիկյան կենտրոն՝ Վահե Տեր-Մինասյանի մոտ։ Նայում է, ասում է՝ այս ինչ են ձեզ արել, ոնց կարելի է նման բան անել։ Հետազոտություններ է անում, ասում է՝ դուք շատ ուշացել եք»,– փոխանցեց Ինեսան։ Անուշ Ղարիբյանին խորհուրդ է տրվում ճառագայթային բուժում, ապա նաեւ քիմիաթերապիա։ Դրանք, սակայն, արդյունք չեն տալիս։ Այսօր Ինեսան անզոր հետևում է, թե ինչպես է մայրը մահանում։

«Ինքը ուռուցք է կտրել, չարորակ քաղցկեղի հետ է գործ ունեցել։ Ինքը ուռուցքը գազազացրել է՝ անընդհատ այդ դեղով այրելով, բզբզելով, քերելով։ Ինքը ընդամենը գինեկոլոգ է, ինքը իրավունք չունի քաղցկեղի բուժում անել։ Եթե վիրահատությունից հետո գոնե մարդկային գտնվեր, ասեր՝ սխալ եմ արել, կտանեինք օնկոգինեկելոգի մոտ, արգանդն ամբողջությամբ կհեռացնեին, մի քանի հատ էլ քիմիա կստանար, այս մարդը հիմա կապրեր։ Բժիշկները մոտենում են, ասում են՝ սա իր վերջին փուլն է։ Ինքը մահանում է, իր հետ ավելի վատ բան այլեւս չի կարող լինել։ Թող հինգ տարի ապրեր, տասը տարի ապրեր դրանից հետո, բայց կապրեր, այսքան շուտ չէր մահանա։ Այս բոլորը իր արած սխալների հետեւանքն է»,– հուզվում է Անուշ Ղարիբյանի դուստրը։

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031