ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր դատարան չէր ներկայացել` իր եւ կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով նիստին մասնակցելու համար: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում եւ դատարանը բժշկական կենտրոնից ստացել է տեղեկանք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը չի ներում, որպեսզի վերջինս ներկայանա դատարան:
Դատավորը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի բացակայությամբ նիստը չի կարող կայանալ:
Փոխարենը դատավորը որոշեց, որ Մանվել Գրիգորյանի բացակայությամբ հնարավոր է քննել պաշտպան Լեւոն Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունը`Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին: Նախորդ անգամ դատարանը մերժել էր այդ միջնորդությունը: Առողջապահության նախարարի հրամանով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ կորոշի խափանման միջոցի հարցը:
Այսօր դատարանում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը`դատարան ուղարկած էլեկտրոնային միջնորդությունը հիմնավորելով, ասաց, որ առողջապահության նախարարի հրամանը`միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու եւ «Նաիրի» ԲԿ-ից այսօր ստացված տեղեկանքն արդեն իսկ փաստում են իր պաշտպանյալի առողջական վիճակի բացասական դինամիկայի մասին:
Կարդացեք նաև
Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալը գտնվելով տանը եւ ստանալով բուժօգնություն, կարող է դրական դինամիկա արձանագրել եւ ներկայանալ դատարան: Պաշտպանական կողմը հայտարարեց, որ պատրաստ են տասը միլիոն դրամ գրավ վճարել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Մեղադրող կողմը 15 րոպե ընդմիջում վերցրեց`դատարանին էլեկտրոնային տարբերակով ներկայացված միջնորդությանը ծանոթանալու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ