«Հանկարծահաս կամ հանկարծակի՞ է այս խնդիրը՝ Սեւանի հետ կապված, այն, որ ջուրը աղտոտվել է, խոշոր եղջերավորների անկում է գրանցվում, ձկնատեսակները վերանում են: Ես ուզում եմ հասկանալ՝ կառավարության նիստերի ժամանակ քանի՞ անգամ եք դուք վեր կացել, հերթական կամ արտահերթ կարգով բարձրացրել այս հարցերը, թե՞ չեք ասել: Մի հատ հասկանանք, էլի, դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք սրա համար, թե՞ չեք կրում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կանաչած Սեւանի խնդրի հետ կապված հարց ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին:
Նախարարը պատասխանեց. «Իհարկե, պատասխանատվություն կրում եմ, այլապես այս պաշտոնը չէի զբաղեցնի: Որեւէ հիմնավորված տեղեկատվություն չկա, որ ձկնատեսակները վերանում են, անկում է եղել, կենդանատեսակների հետ կապված այդ լուրերը, որ տարածվեցին, ՍԱՊԾ-ն պարզաբանում տվեց, որ առվույտի հետ կապված էր: Մեր տեղեկատվությամբ, գյուղացիներին ուղղակի խորհուրդ են տվել, որ կենդանիներին մոտեցնեն լճին ու տեղեկացնեն, որ դա ջրից է եղել՝ նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում»:
Մելքումյանն արձագանքեց. «Ձեր պատասխանը բացարձակ չբավարարեց: Այս խնդիրները դուք պիտի նախատեսեիք»: Նա հորդորեց, որ գործուղումների գնալիս նախարարը հետաքրքրվի, տեսնի այլ երկրներում ինչ լուծումներ են գտել, նոր տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս հենց ջրի տակ չեզոքացնել վտանգները: Նախարարն էլ պատասխանեց, որ հենց հիմա ճապոնական չեզոքացուցիչները փորձարկում են:
«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն ասաց, որ հասցրել է ոլորտի բոլոր գիտնականների, մասնագետների կարծիքները լսել Սեւանի ծաղկման վերաբերյալ. «Մասնավորապես, Գավառի, Մարտունու, Վարդենիսի ջրամաքրման կայանները ֆիզիկական մաքրումից զատ պետք է նաեւ կենսաբանական մաքրում անցնեն, ե՞րբ դա հնարավոր կլինի իրականացնել, ինչքանո՞վ կնվազեցնի Սեւանում օրգանական նյութերի քանակը նվազեցնել: Հայտնի է, որ Սեւանում սննդատեսակների բուրգը խախտված է, ձկնատեսակների քանակը, ձկնապաշարի քանակը, խեցգետինների քանակը, որոնք սնվում էին օրգանական նյութերով, դրանց անօրինական որսը մեծապես ազդել է այս իրավիճակի վրա: Ի՞նչ եք կարծում, որ 4-5 տարով Սեւանա լճից ընդհանրապես որեւէ ձկան, ձկնատեսակի խեցգետնի որս արգելվի: Սոցիալապես խոցելի խավերը, որոնք զբաղվում են այդ գործով, մեծ եկամուտներ էլ չեն ստանում, չեն շահում, իրենց պետությունը տրամադրի փոխհատուցում, իսկ որն ընդհանրապես արգելվի, որը հնարավորություն կտա այդ ամբողջ շղթան նորից վերականգնել, որ խուսափենք այս ամենից»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ