Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրիկ Գրիգորյանը թվարկում է այն 3 քայլերը, որ արել է՝ այսօրվա կանաչ Սեւանը չունենալու համար

Հուլիս 09,2019 11:34

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սահմանված սակագները փոխելու նախագծերի փաթեթը:

Ինչպես տեղեկացրել ենք, այդ նախագծերով պատիժները խստացվել են՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Այսինքն, այսուհետ նման արարքի համար սպառնում է նույնիսկ ազատազրկում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց՝ գործող օրենքով ի՞նչ խոչընդոտ կար ապօրինի ծառահատումների դեմ պայքարի համար. «Էլի խիստ պատիժներ են սահմանվում, սակայն այդ երեւույթը լայն թափով շարունակվում է մեր երկրում»:

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգրքի 296 հոդվածը կար, բայց բաց տեղեր կային, որի պատճառով պատիժները չէին աշխատում, իսկ այս նախագծի նպատակն է փակել բոլոր սողանցքները:

Թագուհի Թովմասյանը նաեւ հարցրեց՝ «Դուք մեկ տարուց ավելի է՝ բնապահպանության նախարար եք եւ Սեւանի խնդիրը նոր չէ, կարո՞ղ եք մատնանշել երեք քայլ, որ դուք իրականացրել եք՝ այսօրվա կանաչ Սեւանը չունենալու համար: Անհրաժեշտ էին օպերատիվ քայլեր, ի՞նչ քայլեր եք կատարել, խնդրում եմ մատնանշեք երեքը»:

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Առաջին քայլն այն է, որ Սեւանի ափամերձ տարածքների հետ կապված վերլուծություն է իրականացվել ու ուղարկվել իրավապահ մարմիններին, երկրորդը՝ տիեզերական պատկերների եւ դռոնների միջոցով մանրամասն ուսումնասիրվել են եւ վեր հանվել այն բոլոր տարածքները, որոնց համար կարիք կա մաքրում կատարել, նաեւ աշխատել ենք Ջրային կոմիտեի մեր գործընկերների հետ, որ Սեւանի ջրառի քանակը նվազեցվի, այսօր ավելի քիչ ջուր է վերցվում, քան անցյալ տարի ու ավելի քիչ, քան նախատեսվում էր հայտով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031