Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն․ ուրվագծվել են համագործակցության մի շարք ուղղություններ

Հուլիս 09,2019 11:31

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վի Չու Չին, մանկական ուռուցքաբան, պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը, քաղցկեղով հիվանդ երեխաների  «Viva» հիմնադրամի գործադիր տնօրեն Սու Լի Յին, «Childrens cancer» հիմնադրամի  սոցիալական աշխատող Յու Ժարունցը։ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը, պատմել հիմնադրամի իրականացրած միջազգային համագործակցության մասին՝ շեշտելով որ Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնի հետ համագործակցությունը առաջնահերթ ու շատ կարևոր ծրագրերից մեկն է։

«Հիմնադրամը գործում է արդեն մեկ տարի․ այս ընթացքում մենք կարողացել ենք անվճար բուժում ապահովել քաղցկեղով հիվանդ 170 երեխայի և դեռահասի։ Ցավոք, ըստ վիճակագրությանը, յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք և նրանք բոլորն էլ աջակցության կարիք ունեն։ Այս մեկ տարվա ընթացքում մեր հիմնադրամը բավական շատ գործ է կատարել, ճանապարհ անցել, սակայն մենք ցանկանում ենք առաջ գնալ, մեծացնել մեր համագործակցությունը և ավելի շատ մարդկանց օգնել։ Ես համոզված եմ, որ մարդիկ, անկախ նրանից, թե որտեղ են ապրում և ինչ կրոն են դավանում, եթե մեկ ուղղությամբ են նայում և ունեն միևնույն նպատակը, պետք է միավորեն իրենց ջանքերը, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ լինի››,- ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը շեշտել է, որ նպատակները միավորում են մարդկանց։ «Ես գիտեմ, որ Ձեր հիմնադրամն անվճար բուժում է տրամադրում երեխաներին և իսկապես ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այդ երեխաներին մենակ չեք թողնում։ Դա իսկապես շատ կարևոր քայլ է»։

Հանդիպմանը պրոֆեսորներ Ալենը և Չին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, համագործակցությունը տարբեր հիմնադրամների ինչպես նաև կառավարության հետ։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ուրվագծվել համագործակցության բազմաթիվ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը կենտրոնին է նվիրել 5-ամյա Գոհար Բալոյանի նկարած կտավը․ աղջիկն այժմ բուժվում է քաղցկեղի դեմ։ Աննա Հակոբյանը նաև շրջայց է կատարել կենտրոնով։

Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոնը (National University of health system) հսկայական բժշկական միավորում է, որը ներառում է մի քանի տասնյակ պոլիկլինիկաներ և հանրային հիվանդանոցներ։ 2000 թվականից կենտրոնն իրականացնում է նաև բժշկական անհատական ծառայություններ այն պացիենտների համար, ովքեր կարող են ամենօրյա բուժումը ստանալ նաև տան պայմաններում։ Կենտրոնը համագործակցում է Սինգապուրի առողջապահության և կրթության նախարարությունների հետ ինչպես հետազոտությունների այնպես էլ կրթական ոլորտում տարբեր ծրագրերի ներդրման ուղղությամբ։ Այդ ծրագրերից մեկն էլ բժիշկների վերապատրաստումն ու բժշկական դպրոցների ստեղծումն է, որտեղ ուսումնառություն են ստանում ապագա բուժքույրերը։ Կենտրոնի իրականացրած բազմաթիվ ծրագրեր աշխարհի բժշկական ծրագրերի տասնյակում են ընդգրկված։  2008 թվականից կենտրոնը մասնագիտացել է քաղցկեղի հետազոտման, կանխարգելման ու բուժման մեջ։ Ներկա դրությամբ քաղցկեղով հիվանդ պացիենտների 80 տոկոսը կարողանում է հաղթահարել հիվանդությունը։ Այդ ուղղությամբ կենտրոնը համագործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ քաղցկեղի խնդիրներով զբաղվող հիմնադրամների հետ։ Այդ համագործակցության արդյունքում պացիենտի համար ավելի դյուրին է դառնում նաև բուժման ֆինանսական կողմն ապահովելը։ Կենտրոնի հետ համագործակցող հիմնադրամների առաջարկությամբ ստեղծվել է նաև կամավորների մեծ խումբ, ովքեր ոչ միայն աջակցում են քաղցկեղով հիվանդ  մարդկանց, այլև իրենց ներկայությամբ և տարբեր նախաձեռնությունների շնորհիվ ավելի դյուրին դարձնում պացիենտի համար քաղցկեղի դեմ պայքարը։ Կենտրոնը լրջորեն զբաղվում է նաև հետազոտական աշխատանքով՝ համագործակցությամբ ԱՄՆ Մեմֆիս նահանգում գործող St. Jude հիվանդանոցի։ Դոնորական ռեգիստրացիան և փոխպատվաստումը նույնպես կենտրոնի առաջնահերթություններից մեկն է։ Վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 128 դեպք, երբ ծնողը փոխպատվաստման արդյունքում կարողացել է փրկել երեխայի կյանքը։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է «Իստանա» ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։ Այնուհետև Աննա Հակոբյանը  Սինգապուրի «Ազգային ժառանգություն» թանգարանի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Հվի Նիի ուղեկցությամբ եղել է Ազգային ժառանգություն թանգարանում, որտեղ նա ծանոթացել է Սինգապուրի պատմությանը, մշակութային ժառանգությանն ու արխիվային նյութերին։

Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031