Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացնելով էներգաարդյունավետությունը նվազեցնել ծախսը և վնասակար արտանետումները. ուկրաինական փորձ

Հուլիս 08,2019 23:33

Հունիսի 11-13-ը հայ, մոլդովացի, ուկրաինացի, վրացի, ադրբեջանցի և բելառուս լրագրողները Ուկրաինայում մասնակցում էին Եվրամիության EU4Energy նախաձեռնության կազմակերպած մեդիա տուրին։Ծրագրի շրջանակներում այցելություններ են կատարվել Կիև և Լվով քաղաքներ, ցուցադրվել են քաղաքներում կատարված աշխատանքները և գրանցած արդյունքները։

2011 թվականից սկսած Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է իր առաջնահերթությունները էներգետիկ բարեփոխումների շրջանակներում։ Դրանք են՝ ուժեղացնել էներգետիկ անկախությունը և անվտանգությունը, ապամենաշնորհել էներգետիկ շուկան, ստեղծել թափանցիկ շուկա և բարելավել էներգաարդյունավետությունը։ Իսկ 2017 թվականի ապրիլին ընդունված «Ուկրաինայի էներգետիկ ռազմավարությունը մինչև 2035 թվականը» նպատակ ունի լուծումներ տալ այս բոլոր առաջնահերթություններին։

Ուկրաինայի կառավարությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրամիությունը համատեղ ծրագիր են իրականացնում, որի շրջանակներում բնակելի շենքերը դառնում են ավելի էներգաարդյուանվետ և ջերմամեկուսացվում են։

«Մենք սրանով սկսել ենք զբաղվել դեռ 2009-ից, երբ էներգաարդյունավետության հարցը չէր համարվում անհրաժեշտությունը։ Բոլորը հասկանում էին, որ Ուկրաինան ամենաքիչ էներգաարդյունավետ երկրներից է՝ էներգիայի օգտագործման առումով։ Բոլորը հասկանում էին, որ մեծ քանակով էներգիա է կորում շենքերի մակարդակում, բոլորը հասկանում էին, որ մեծ քանակով էներգիա է կորում էներգիայի աղբյուրից մինչև շենք ճանապարհին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ուկրաինայում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Ելենա Վոլոշինան։

Նրա խոսքով՝ եթե փոխվեն միայն տան պատուհանները, ապա այդ եղանակով բնակիչները կարող են միայն որոշ գումար տնտեսել, սակայն որևէ գլոբալ խնդրի լուծման դրանով չեն հանգի։ Նման հարցերը նվազագույնը շենքի մակարդակով պետք է անել, քանի որ Ուկրաինայում շենքերի մեծ մասը ունեն կենտրոնական ջեռուցման համակարգ։ Ելենա Վոլոշինան նշեց, որ մինչև ծրագրի սկիզբը բնակիչներին շատ են բացատրել, որ խնդիրներին լուրջ լուծում տալու համար պետք է տարբերակ գտնել նվազագույնը ամբողջ շենքի համար։ Սակայն, ծրագրի համար մեծ խթան հանդիսացավ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի և գազի գնի բարձրացումը։

Ծրագրին մասնակցելու համար Ուկրաինայի քաղաքացիները պետք է վարկեր վերցնեն բանկերից և այնուհետև դիմեն Էներգաարդյունավետության ֆոնդին և Միջազգային ֆինանսական կորպորացիային, որպեսզի վերջիններս նրանց դրամաշնորհ տրամադրեն։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Էներգաարդյունավետությունը Ուկրաինայում» ծրագրի ղեկավար Մայա Նգուենը նշում է, որ մոտավորապես 40 հազար ուկրաինացիներ վարկեր են վերցրել ուկրաինական բանկերից՝ ծրագրին մասնակցելու համար։ Եվ հավաստիացնում է, որ բնակարանը էներգաարդյունավետ դարձնելը շահավետ է, քանի որ ծախսված գումարը մի քանի տարիների ընթացքում վերադառնում է։

Նգուենի խոսքերով՝ կազմակերպության փորձագետները խորհրդատվություն են տալիս բնակիչներին, թե ինչպես ճիշտ միանալ ծրագրին, ինչ քայլեր կատարել, օգնում են բնակիչներին դիմել բանկ՝ վարկ ստանալու համար։ Բանկը ստանում է դիմումը, փոխանցում այն ֆոնդին, ֆոնդն էլ իր հերթին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիա։ Այն դեպքում երբ և’ ֆոնդը, և’ կազմակերպությունը դրական եզրակացություն են տալիս, բնակիչները մինչև ներդրման 35 տոկոսի չափով դրամաշնորհներ են ստանում և’ կազմակերպությունից, և’ դոնորներից. «Առաջին երկու տարին իսկապես դժվար էր, իսկ հիմա մարդիկ տեսնելով արդյունքը հասկանում են, որ մեր ծրագիրը իրենց ավելի ձեռնտու է»։

Գործում է երկու փաթեթ՝ թեթև և համալիր։ Թեթևի ընթացքում էներգաարդյունավետ են դառնում շենքի պատուհանները, խողովակները, որոշ դեպքերում՝ կտուրը և շենքի ջերմաստիճանը դառնում է հավասարաչափ։ Իսկ համալիր փաթեթը ավելի թանկ է, և նրա շրջանակներում արդեն կատարվում է ամբողջ շենքի ջերմամեկուսացում։ «Բայց բացի նրանից, որ շենքը արդեն դառնում է տնտեսող, այն նաև դառնում է գեղեցիկ։ Այլ մակարդակի է դառնում, բնակարանները այդ շենքում ավելի թանկ են արժենում։ Ստացվում է՝ ամսական դուք քիչ եք վճարում, բայց դրա հետ մեկտեղ բարձրանում է ձեր սեփականության գինը։ Եվրոպայում ջերմամեկուսացված շենքերի գինը բարձրանում է տաս տոկոսով, իսկ Կիևի լավ թաղամասներից մեկում հինգ հարկանի ջերմամեկուսացված շենքում բնակարանի գինը բարձրացել է հիսուն տոկոսով»։

Իսկ Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական Յոհաննես Բաուրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ էներգաարդյունավետությունը Ուկրաինայում ԵՄ առաջնահերթություններից մեկն է. «Էներգիաարդյունավետությունը բանալի է Ուկրաինայի համար բարձրացնելու իր էներգետիկ անկախությունը և նվազեցնելու Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը՝ բնական գազ ներկրելու տեսանկյունից»։

ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագիրը իր մեջ ներառում է էներգաարդյունավետությունը խթանող մի շարք միջոցառումներ և ԵՄ-ում արդեն գործող չափանիշների ներդրում. «Ուկրաինան մեծ առաջընթաց է գրանցել վերջին երկու տարիների ընթացքում», ասաց նա՝ հավելեով, որ Եվրամիությունը օգնել է Ուկրաինային պատրաստել համապատասխան օրինագծերը։

ԵՄ-ն երկրին աջակցել է նաև ֆինանսապես՝ տրամադրելով 190 միլիոն եվրո, որի մեծ մասը՝ 100 եվրոն, տրամադրվել է էներգաարդյունավետության ֆոնդին, որը մեկնարկելու է արդեն այս տարի։ Ֆոնդը ստեղծել է Ուկրաինայի կառավարությունը այն աջակցելու է էներգաարդյունավետությանը միտված նախաձեռնություններին։ Այն նպատակ ունի նվազեցնել CO2 արտանետումները բնակելի հատվածում։ Այն տրամադրում է դրամաշնորհներ բնակելի շենքերը ավելի արդյունավետ դարձնել նպատակ ունեցող նախաձեռնություններին։

Եվրամիության առաջնահերթյուններից մեկն է Ուկրաինայում կենտրոնական ջեռուցման համակարգի աջակցությունը։ «Հիմնական դեպքերում՝ կենտրոնական ջեռուցման համակարգերը էներգաարդյունավետ չեն։ Այսպիսով՝ ներդրման կարիք կա, և մենք 14 միլիոն եվրո ենք տրամադրել»։

ԵՄ-ն նաև կարևորում է փոքր և միջին չափի քաղաքներին աջակցությունը, որպեսզի նրանք արդիականացվեն և էներգաարդյունավետ դարձնեն իրենց համայնքային կառույցները. «Որոշ կառույցներում հնարավոր է լինում խնայել էներգիայի մինչև հիսուն տոկոսը։ Այն ապահովում է, որ դպրոցներում և մանկապարտեզներում ջերմաստիճանը ձմռանը այլևս 14-15 ցելսիուս չէ։ Այժմ հնարավոր է դառնում ձմռանը ապահովել 21-22 աստիճան»։

Aravot.am-ի նկատառմանը, թե էներգախնայությունը Եվրամիության համար առաջնահերթություններից մեկն է, իսկ հենց իրենք ուկրաինացիները կարևորո՞ւմ են այն, Յոհաննես Բաուրը պատասխանեց. «Մեծ հետաքրքրություն կա ուկրաինացիների շրջանում, նամանավանդ, գազի ջեռուցման վերաբերյալ, քանի որ այն ծախսերի մեծ մասն է կազմում։ Մասնավորապես, այն պայմանավորված է տնտեսական գործոններով, իսկ գլոբալ տաքացման նկատմամբ վերաբերմունքը դեռ նոր է սկսվում»։

Այցի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան այցել Ժովկվա քաղաքում գտնվող մանկապարտեզը, որը ԵՄ ծրագրի շրջանակներում մոդերնիզացվել է։ Մանկապարտեզում ձմռանը տաք է, ամռանը՝ զով. Երեխաները հաճախում են մանկապարտեզ տարվա բոլոր եղանակներին, քանի որ մանկապարտեզում տեղադրված նոր էներգաարդյունավետ համակարգը կարողանում է ապահովել ցանկալի ջերմաստիճան։ Արդիականությունից հետո մանկապարտեզը դրական համբավ է ձեռք բերել ծնողների շրջանում, և դիմորդների թիվը ավելին է, քան իրենք պատրաստ են ընդունել։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031