Շիրակի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Շիրակի պետական համալսարանը նախորդ տարվա հետ համեմատ կրկնակի շատ դիմորդ ունի․ նախորդ տարվա 145-ի փոխարեն բուհն ունի 340 դիմորդ։
Ընդունելություն կատարվում է 31 մասնագիտությունների գծով, ցավոք կան մասնագիտություններ, որոնք ընդհանրապես դիմորդներ չունեն, օրինակ՝ ֆիզիկա, միջմշակութային հաղորդակցություն` ֆրանսերեն, միջմշակութային հաղորդակցություն`գերմաներեն մասնագիտությունները։
Գևորգ Ասատրյանի տեղեկացմամբ, գերմաներենից ու ֆրանսերենից անգամ միասնական քննություն տվողներ չեն եղել։ Ըստ մեր զրուցակցի, տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս բուհը ֆիզիկայի գծով կամ 1-2 դիմորդ է ունենում, որոնք հետագայում մասնագիտությունը փոխում են, կամ ընդհանրապես չի ունենում։
Թվային տվյալներով, Շիրակի մայր բուհն ամենաշատ դիմորդներ (33 հոգի) ունի սոցիոլոգիա ու նաև ֆիզդաստիարակություն մասնագիտությունների գծով։ Ամենաքիչը՝ 1 դիմորդ ունի շուկայագիտություն մասնագիտությունը։
«Շատ դիմորդներ ունենք սոցիոլոգիա, հոգեբանություն, թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն, մեթոդիկա մասնագիտությունների գծով։ Թարգմանչական գործ՝ անգլերեն-հայերեն բաժնում բավական մեծ մրցույթ է․ դիմորդների քանակը մեր ունեցած տեղերից ավելին է․ 15 տեղ ունենք թարգմանչական գործ բաժնում, բայց ունենք 30 դիմորդ։ Կոնկրետ թարգմանչականում ունենք երկու պետպատվեր, 13 վճարովի տեղեր։
Միջին քանակի դիմորդներ ունենք տեղեկատվական տեխնոլոգիա, ինֆորմատիկա, սոցիալական աշխատանք բաժիններում», -ասաց Գևորգ Ասատրյանը։
Մեր զրուցակիցը նշում է, որ բուհի երկու մասնագիտություններ երբևէ դիմորդների պակաս չեն ունեցել, դրանք են՝՝ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտությունը, որն ունի 33 դիմորդ և նախնական զինվորական պատրաստություն մասնագիտությունը՝ 24 դիմորդ։
Նշենք նաև, որ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի ուսանողները հաճախակի են Հայաստանի դրոշը բարձրացնում աշխարհով մեկ՝ դառնալով աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոններ։ Մեր զրուցակցի ասելով՝ յուրաքանչյուր տարի էլ բուհն ունենում է Եվրոպայի մրցանակակիր դիմորդներ, ովքեր ընդունվում են պետության հաշվին, այս տարի բուհն են դիմել Եվրոպայի մրցանակակիրներ՝ ըմբիշ Մանվել Խնձրցյանն ու սամբիստ Դավիթ Հարությունյանը։
Հարցին՝ հետազոտություն անցկացրե՞լ են, թե Շիրակի մարզի դպրոցների շրջանավարտ աշակերտներից քանիսի՞ն է դիմել Շիրակի պետական համալսարան, քանիսը՝ մայրաքաղաքի բուհեր, Գևորգ Ասատրյանն ասաց․ «Ճիշտն ասած, մենք նման տվյալ դեռ չունենք, եթե նման հետազոտություն անենք, մեր նախաձեռնությամբ պիտի անենք, բայց եթե ընդունենք, որ Շիրակի մարզում մոտավոր 1000-ից ավել շրջանավարտ ենք ունեցել և 350-ը մեր բուհ են դիմել, արդեն դուրս է գալիս, որ 30 տոկոսը դիմորդների մեզ մոտ են։ Եթե նկատի ունենանք, որ որոշ մասսա չի դիմում բուհ, իսկ մնացածը դիմում են երևանյան բուհեր, դուրս է գալիս, որ մենք ահագին թվով դիմորդներ ունենք։ Նշեմ, որ այլ մարզերից ևս դիմորդներ ունենք, օրինակ՝ նախնական զինվորական պատրաստություն մասնագիտության գծով մենք ունենք Տավուշի ու Սյունիքի մարզերից դիմորդներ», -ասաց Գևորգ Ասատրյանը։
Ժուռնալիստիկայի բաժնում կան երկու դիմորդներ, երկու դիմորդներ էլ երկրորդ հայտով են նշել լրագրությունը։ Մեր դիտարկմանը, թե Գյումրու աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտության գծով դիմորդ չունենալն արդյո՞ք կապված չէ այն հանգամանքի հետ, որ անվճար տեղեր հատկացված չեն այս բաժնի ուսանողներին, մեր զրուցակիցն ասաց․ «Ճիշտն ասած, այդ անվճար տեղ չունենալու պատճառն էլ է դիմորդների պակասը, ենթադրենք մեզ տրվում է 40 անվճար տեղ, որից 3-ը տալիս ենք լրագրությանը ու դիմորդ չենք ունենում, դուրս է գալիս, որ 3 անվճար տեղերը կորցնում ենք»։
Դեղագործական քիմիա մասնագիտության գծով կան 4 դիմորդներ։ Մեր հարցին, թե կարողանո՞ւմ են այս բաժինն ավարտելուց հետո աշխատանք գտնել, երբեմն դժգոհություններ ենք լսում, որ օրինակ դեղատներում աշխատանքի չեն ընդունում այս բաժնի շրջանավարտներին, մեր զրուցակիցն ասաց․ «Սերտիֆիկացման խնդիր կա․ իրենք ստանում են դեղագործական քիմիայի բակալավրի աստիճան և շատ են լինում դեպքեր, երբ գալիս, ասում են՝ մեզ դեղատանը աշխատանքի չեն ընդունում։ Դա դեղատան, այսպես ասած, չափորոշիչների մեջ է մտնում՝ իրենք համարո՞ւմ են, որ դեղագործական քիմիայի բակալավրիատը բավարար է իրենց մոտ աշխատելու համար, ընդունում են, եթե չէ, խորհուրդ են տալիս գնալ մայրաքաղաք՝ վեց ամիս վերապատրաստման կուրսեր անցել, հատուկ սերտիֆիկատ ստանալ և դրանով հանդերձ նոր ներկայանալ։ Դա է խնդիր առաջացնում, բայց մենք ունենք շրջանավարտներ, որոնք դեղատներում աշխատում են ավարտելուց անմիջապես հետո։ Տվյալ դեղատան համար տվյալ մասնագիտության դիպլոմը բավարար է, այլ սերտիֆիկացումներ չի ուզում, դա արդեն գործատուն է որոշում՝ իրեն հարմա՞ր է, թե՞ ոչ»։
Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող զբոսաշրջություն մասնագիտությունը ևս քիչ դիմորդներ ունի․ ընդամենը երկուսն են։
«Նոր մասնագիտություն է, հնարավոր է և ոչ լավ տեղեկացվածության պատճառով է , որ այդպես է։ Փոխարենը դիմում են սերվիզ մասնագիտության գծով, որը հին մասնագիտություն է։ Սերվիզ մասնագիտությունն այս տարի ունի 12 դիմորդ, նորաբաց զբոսաշրջությունը՝ երկու դիմորդ»,-ասաց Գևորգ Ասատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ինչ ամոթ է.ռեկորը ֆիզիկ է,իսկ ֆիզիկայի բաժին ոչ ոք չի դիմել: