ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է աշխատանքային քննարկում Հերունու ազգային տիեզերական կենտրոնի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Չափագիտության ազգային ինստիտուտից, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամից:
Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է գիտությանը վերաբերող խնդիրների ընդհանրական պատկերը: Կարեւորելով նման ձեւաչափով քննարկումների անհրաժեշտությունը՝ նա նշել է, որ համակարգում կան մի շարք խնդրահարույց հարցեր:
Աննա Կոստանյանը նշել է, որ քննարկման նպատակն է վեր հանել առկա խնդիրները եւ փորձել գտնել առավել արդյունավետ լուծումներ:
«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար Արեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի մարտին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ՝ կենտրոնի վերաբերյալ կազմվել է կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի` Չափագիտության ազգային ինստիտուտի կազմում գործող Արագածի գիտական կենտրոնն իր բոլոր ակտիվներով փոխանցվում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու եւ գիտաարտադրական, կրթական նշանակության էկոհամակարգ ձեւավորելու նպատակով: Կենտրոնը բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ծավալելու է հետազոտական եւ կիրառական մի շարք աշխատանքներ: Երկար տարիներ է, ինչ ձեռնարկվել է Հերունու ազգային տիեզերական կենտրոնի ստեղծման եւ ՌՕԴ-54/2.6 դիտակի վերագործարկման նախագիծ: Ակտիվ քննարկումներ են անցկացվել թե՛ կառավարության, թե՛ ոլորտի հայտնի գիտնականների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Չափագիտության ազգային ինստիտուտի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի խոսքով՝ համապատասխան որոշումից հետո ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Նրա համոզմամբ՝ առաջիկայում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաեւ դիտակի գործարկման հնարավորություններին, տեխնիկական պահանջներին վերաբերող հարցերը:
ՀՀ Ազգային ժողով