Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է մետաղի ջարդոն արտահանողների համար բացառությունը հանել:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ մինչեւ 2012-ը ՀՀ-ից բավականին մեծ ծավալների մետաղի ջարդոն է արտահանվել, օրինակ, 2010-2011-ին տարեկան 150-200 հազար տոննա է արտահանվել: Հետո արտահանվող մետաղի ջարդոնի նկատմամբ պետտուրք է կիրառվել, տոննան՝ 80 հազար դրամի չափով, ինչի արդյունքում ոչ թե սկսել են արտահանել ջարդոնը, այլ՝ տեղում արտադրություններ ստեղծել՝ ամրաններ եւ այլն:
Սակայն օրենքում բացառություն կա՝ մետաղի ջարդոնի արտահանման ժամանակ պետտուրք կա, բացառությամբ այն դեպքերի, երբ մետաղի ջարդոնի ծագման երկիրը ՀՀ-ն է: Սա նշանակում է, որ եթե տվյալ ապրանքը մաշվել է ՀՀ-ում, ջարդոնը ձեւավորվել է ՀՀ-ում, ուրեմն կարելի է համարել, որ դրա ծագման երկիրը Հայաստանն է: Որոշ ընկերություններ փորձել են մետաղի ջարդոնի ծագման երկրի սերտիֆիկատներ ստանալ, սկզբում արտահանել են փոքր քանակություն՝ 63 տոննա, հետո կամաց-կամաց սկսել են արտահանել 3700 տոննա ջարդոն:
Հիմա խնդիր է սողանցքը փակել, որից օգտվում են մի քանի ընկերություններ:
Կարդացեք նաև
Թունյանն ասաց, որ արտահանող ընկերությունների հետ հանդիպումներ են ունեցել, իրենց ասել են, որ գոյություն ունի ծանր ու թեթեւ ջարդոններ, թեթեւի մեջ մտնում են մեքենայի այսպես ասած «կմախքները» ու այդ ընկերությունները, որոնք ջարդոն արտահանող են, այդ թեթեւ ջարդոնը չեն ընդունում:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ կառավարությունը ընդունում է պատգամավորների առաջարկը՝ մետաղի ջարդոնի տուրքը բազային տուրքի 80-ապատիկից իջեցնել 60-ապատիկի չափի:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ ռազմավարական նշանակության հումքը պետք է պահենք մեր արտադրողներին. «Նախ, եթե հիմնականում արտահանվում է ՌԴ, արտահանման տուրքը կիրառվելո՞ւ է ՌԴ-ի դեպքում, որովհետեւ ԵԱՏՄ անդամ ենք, ՌԴ-ի ճանապարհը բաց է: Ի՞նչ ներուժ ունենք մեր արտադրողների համար, ի՞նչ ենք արտադրելու, գնահատումներ արե՞լ եք՝ աշխատատեղերի աճ, ի՞նչ է սա մեզ տալու»: Ավանեսյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներ հնարավոր է առաջանան, բայց տուրքը կիրառվելու է նաեւ այդ դեպքում: Մյուս կողմից էլ՝ սա մեր արդյունաբերությունը պաշտպանելու նպատակով կարեւոր քայլ է. «Եթե ՀՀ-ի ջարդոնը միջազգային գներին հասնի, մեր արտադրությունները մրցունակ չեն լինի: Եթե թողնենք առկա գործարանները փակվեն, նորից բացելը տնտեսության համար մեծ վնաս կարող է լինել,այդքան կարողությունների հավաքելը նույնպես խնդիր է, այնպես չլինի, որ մեր գործարանները կորցնենք, հետո նորից վերաբացենք: Ակնկալվում է, որ ծավալները կաճեն, անցյալ տարի 22 հազար տոննայի չափով է արտադրվել, այս տարվա ընթացքում կարող է 60 հազարի հասնի: Տարեկան 375 հազար տոննայի չափ արտահանում կարող է լինել»:
Ավանեսյանի խոսքով՝ «Մենք չենք ասում՝ եկեք էս անենք, որ ոլորտը կգմփա, մենք ասում ենք՝ եկեք սա անենք, որ ոլորտը պահպանենք: Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որ ոլորտը զարգանա»:
ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ասաց. «Փոխնախարարի խոսալուց ինձ մոտ դեժավյուի զգացում առաջացավ՝ 1000 աշխատատե՜ղ, տեղական արտադրության պաշտպանությո՜ւն, ավտոմատ մտովի հիշեցի, թե պարոն նախարարը ոնց էր մի քանի ամիս հաշվարկ անում, հետո մինչեւ լիագումար նիստ 40%-ով տուրքը փոխվեց ձեր նախարարության հաշվարկի հետո»: Ծառուկյանը նկատի ուներ այն, որ ցեմենտի հարցի քննարկման ժամանակ նախարարությունը փոխեց հաշվարկները, ուստի Թունյանին հարցրեց՝ «Պարոն Թունյան, հիմա ինձ շատ հետաքրքիր է, տուրքը 80-ից 60 իջեցնելը մեր այստեղի փորձագետների՞ աշխատանքն է, թե՞ նախարարության»:
Թունյանը պատասխանեց, որ դա եղել է պատգամավորների առաջարկը, որն ընդունվել է. «60 դրամը վերջնական լուծում չի, վերջնական լուծման գալու համար պետք է տեսնենք համ դրսի գործարաններում ինքնարժեքը ինչպես է: ՀՀ-ում մետաղի ջարդոնի պաշարը պետք է իմանանք ինչքան է, չգիտենք հստակ, թե ամեն տարի այդ ջարդոնը ոնց է փոփոխվում: 80-ից 60 ուղղակի այս պահի ինֆորմացիայի վրա ոնց որ ճշգրտում լիներ: Եթե ռուսական ընկերությունները պատրաստ են 110-120 գնով ընդունել, մերը՝ 40 դրամով, փորձել ենք մի հատ կետ ընդունել, որ բալանսի կբերի, որ համ տեղական արտահանողը զգաստ լինի, համ մյուսները»:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծով առաջարկվող փոփոխություններին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ