Երեկ լրատվամիջոցներում տարածված տեսանյութից հետո պահանջում են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մանդատը վայր դնի:
Հիշենենք, որ «Ինստագրամում» տեսանյութ է տարածվել, որում Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ ինչ-որ աղջիկներ հայտնվել էին նախագահական նստավայրում, մտել պաշտոնական հյուրերի համար նախատեսված աշխատասենյակներ, նստել, նկարվել:
Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախ պատասխանեց. «Ես ինչքանո՞վ վստահ լինեմ, որ դա այնտեղ է տեղի ունեցել, կամ այնտեղ տեղի չի ունեցել»: Լրագրողները հիշեցին՝ շենքից պարզ էր՝ պատգամավորը պատասխանեց. «Եվ ի՞նչ են արել այնտեղ, գոնե դա ասեք, եթե գնացել են այնտեղ, ծանոթացրել է, թե ինչպիսին է մեր նախագահի նստավայրը, այդտեղ ի՞նչ կա: Եթե իրենց թույլ են տվել ինչ-որ բաներ, որ անթույլատրելի է, սա ուրիշ հարց, բայց ես նման ինֆորմացիա չունեմ: Ամենայն հավանականությամբ, դա ինքն արել է անցագրային ռեժիմը պահպանելով: Նրանք, ովքեր իրավունք չեն ունեցել մտնել նախագահի նստավայր, այդ իրավունքից հետեւաբար օգտվել են անցագրային ռեժիմով անցնելու տարբերակով: Եթե մենք ԱԺ-ում որեւէ մեկին հրավիրում ենք, ապա մասնավորապես ես երբեք թույլ չեմ տալիս, որ ինձ մոտ հյուր եկած որեւէ մեկը օգտագործի այդ ժամանակը եւ այցելի այլ պատգամավորի: Ես դա թույլ չեմ տալիս, որովհետեւ դա գեղեցիկ չի: Հիմա այնտեղ էլ պետք է գտնվեն ինչ-որ մարդիկ, որ պահպանեն այդ ռեժիմը»:
Հովիկ Աղազարյանը երկմտում էր՝ գուցե Հայկ Սարգսյանը ճանաչողական նպատակով է աղջիկներին տարել նախագահական, ուստի դժվար է գնահատական տալ:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին, որ Հայկ Սարգսյանը նախագահականում չի աշխատում ու անհասկանալի է, թե ինչու են նա եւ այդ աղջիկները մտել նախագահական՝ Աղազարյանն արձագանքեց, որ ինքը որեւէ անգամ չի այցելել նախագահական ու չգիտի՝ որպես պատգամավոր կարո՞ղ է ազատ ռեժիմով մտնել այնտեղ, թե՞ ոչ. «Ենթադրենք, որ այդ աղջիկները մուտք են գործել նախագահի նստավայր՝ առանց պահպանելու անցագրային ռեժիմը, ես դա խիստ դատապարտում եմ:
Մեր հարցին՝ մանդատը վայր դնելու պահանջին ո՞նց եք վերաբերվում՝ Աղազարյանը պատասխանեց. «Մանդատը ո՞նց կարող է դնի, երբ որ ինքը հսկայական ձայներ է հավաքել Գեղարքունիքի տարածաշրջանում, հո էդ մանդատը մենակ իրանը չի, ինչ-որ չափով իրեն վստահել են, չէ՞: Այդ դեպքում պետք է իր ընտրողները դա պահանջեն, մենակ լրագրողների պահանջով կամ հասարակության այս կամ այն անդամի պահանջով մանդատը վայր դնել….Եթե արարքը անթույլատրելի է, անկասկած կարելի է պահանջել, բայց ես այդ գնահատականը չեմ կարող տալ»:
Աղազարյանն ասաց, որ կոնկրետ ինքը աղջիկների կամ որեւէ մեկի ԱԺ էքսկուրսիայի չի հրավիրել. «Թոռնիկներիս եմ պատրաստվում հրավիրել, տենանք կստացվի, թե չէ»:
Հարցին՝ համամի՞տ եք, որ թեկուզ անցագրային կարգը պահպանելով՝ ոչ բոլորին է հնարավորություն տրված նախագահական նստավայր այցելել ու այս առումով Հայկ Սարգսյանը ինչ-որ չափով պաշտոնական դիրք է չարաշահել՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Մենք բոլորս էլ մեր բնույթով միշտ կարող ենք այս կամ այն քայլը կատարելիս դուրս գալ մեզ թույլատրվածից, մի հատ քայլ անենք, որը չպետք է անենք, բայց միշտ պետք է համապատասխան մարմիններ, որ պետք է զգուշացնեն, տեղյակ պահեն, զգոնացնեն կամ վերջի հաշվով արգելեն: Իմ համար ավելի անընդունելի է այն մարդկանց պահվածքը, որոնք թույլ են տվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ