Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ին դարձնելու ենք մոնստր». Ռոբերտ Ռևազյան

Հուլիս 08,2019 18:00

«Ընդհանրապես դեմ ենք նման նախագծին, որ Քննչական կոմիտեին փոխանցվի նման գործառույթը: Մենք լուրջ խնդիր եք ունենալու խոշտանգումների վերաբերյալ քննվող գործերով»,-«Մեդիա կենտրոնում» «Խոշտանգումներից զերծ լինելու իրավունք. ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկմանը մտահոգություն հայտնեց Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Ըստ նրա՝ այսօր էլ իրավիճակը գոհացուցիչ չէ. մատների վրա կարելի է հաշվել խոշտանգման վերաբերյալ հարուցված գործերը: Մասնագետները մտահոգված են Հատուկ քննչական ծառայության լուծարմամբ և Հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվող փոփոխությամբ՝ խոշտանգումների քննության գործառույթը ՀՔԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ:

Ռոբերտ Ռևազյանը հարցնում է, եթե այդ գործառույթը վերցվում է ՀՔԾ-ից, ո՞վ է քննելու քննիչների հետ կապված գործերը՝ ԱԱԾ-ն. «ԱԱԾ-ն դարձնելու ենք մոնստր: Առանց այդ էլ միտումը դրան է գնում: Ապարանում խոշտանգումների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել: Ո՞վ է այդ գործը քննելու, նույն Արագածոտնի մարզի դատախա՞զը, նույն այդ Ապարանի ոստիկանապե՞տը: Նրանք շփվել են միմյանց հետ: Արդյոք կարո՞ղ է այդ քննչական մարմինն օբյեկտիվ քննել Ապարանի ոստիկանապետի կամ փոխոստիկանապետի հետ կապված հարցը: Պետք չէ մարզային դատախազին տալ հսկողություն, քանի որ նույն մարդիկ են, ոստիկանապետն է. շահերի բախում է լինում»:

Ըստ Ռոբերտ Ռևազյանի՝ նման գործեր քննող կառույցը պետք է լինի անկախ. «Մեզանում միայն օրենքում է գրված, որ ՀՔԾ-ն անկախ է, բայց ՀՀ-ում երեսուն տարի գրում ենք, որ դատարաններն անկախ են, սակայն անկախությունը տարբեր մեխանիզմներ է նախատեսում, այդ թվում նաև անձնական շփումները, անձնական կաշկանդվածություն են առաջացնում»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը ևս դեմ է ներկայացված նախագծով սահմանված փոփոխություններին. «Ներկայացված նախագիծն արդեն ավելի քան մեկ տարվա ընթացքում հետհեղափոխական իշխանությունների կողմից բարեփոխումների վերաբերյալ պատկերացումների ներդաշնակայնության բացակայության և համընդգրկուն ու համակարգված բարեփոխումների իրականացման թերացումների մասին է վկայում»:

Հայկուհի Հարությունյանի ձևակերպմամբ՝ այժմ ունենք զրո արդյունավետություն այդ խոշտանգումների կանխարգելման և արդյունավետ քննության մասով. «Ականատես ենք լինում, որ մարդու իրավունքներն առհասարակ դուրս են գալիս հարթությունից, չգիտես ինչ հաշվարկներով, ինչի հիման վրա գործող իշխանությունը շեշտադրում է կոռուպցիան: Մենք բացարձակ ոչնչացնում ենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պետության պատասխանատվության ինստիտուտը, դրա փոխարեն զուտ կոռուպցիայի դեմ պայքարի ակնկալիքով առանց դրա արդյունավետության նախնական գնահատման առաջարկում ենք ձևավորել մի մարմին, որի գործունեության վերաբերյալ արդեն մտահոգություններն ավելի քան շատ են»:

Հայկուհի Հարությունյանն ամփոփեց. «Մարդու իրավունքների պաշտպանության համար կարևորագույն համարվող օղակն առանց որևէ հիմնավորման չեզոքացվում է, և տրվում լիազորություններ կոմիտեին, որտեղ խնդիրներն ավելի շատ են, քան ՀՔԾ-ում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031