Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ շարունակ վանդակում բանտարկված արջը տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան

Հուլիս 08,2019 17:43

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue/IAR) աջակցությամբ տեղափոխվել է Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR):

Սարսափելի պայմաններում պահվող կենդանին 5 տարի շարունակ գտնվել է նույն վանդակում՝ առանց անհրաժեշտ նվազագույն պայմանների և խնամքի։ Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացու խոսքերով՝ կենդանին մոտ 9-10 տարեկան է, նրանց մոտ է հայտնվել մոտ 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարությունից:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ու Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) համագործակցությամբ շարունակվում է իրականացվել Արջերի փրկության ծրագիրը (Bear rescue), որի առաջնային նպատակն է առավել լավ պայմաններ ապահովել ՀՀ տարբեր վայրերում բանտարկված արջերի համար։ Կենդանիները վանդակներում են հայտնվել հիմնականում մարդկային գործոնի ազդեցությամբ և այժմ ունեն հատուկ հոգածության կարիք։ Հայաստանում դեռ շատ են տարբեր զվարճանքի և հանրային սննդի օբյեկտներում, մասնավոր տարածքներում բանտարկված կենդանիներ, որոնք սպասում են փրկության իրենց հերթին։

Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031