Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքահարկի ավելացումը նշանակում է բիզնեսից ու տնտեսությունից փողը հանել. Գագիկ Մակարյան

Հուլիս 08,2019 17:45

«Գույքահարկի բարձրացմանը բացասաբար եմ վերաբերվում»,- պատասխանելով հարցին՝ ասաց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը՝ նշելով, որ սպառողական զամբյուղը Հայաստանում կանոնակարգված չէ, այն փողկապակցված չէ մի շարք հանգամանքների հետ՝ այդ թվում տուգանքների: Եվ այս պարագայում, ըստ նրա, գույքահարկը բարձրացնելը չի բխում նվազագույն սպառողական զամբյուղի տրամաբանությունից:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ, եթե գույքահարկը ավելացնում են, որի միջոցները գնում են տեղական ինքնակառավարման մարմիններին եւ դրանք ուղղվելու են ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ապա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց, ինչպես Գագիկ Մակարյանն է նկատում, ինչպես Երեւանի քաղաքապետարանը, այնպես էլ այլ համայնքներ ունեն ուռճացված հաստիքակազմ ու հետն էլ՝ հավելավճարներ են տալիս. «Պնդումը, թե պետք է գույքահարկի ավելացումը բարձրացնի նրանց աշխատանքի արդյունավետությունը միարժեքորեն չէ: Դա նշանակում է բիզնեսից եւ էկոնոմիկայից հանել փող: Եթե գույքահարկը ավելացնում ենք եւ դա կբերի բյուջեի ավելացման եւ բյուջեն ավելի հավեսով ծախսեն, դա ոչինչ չի նշանակելու: Քաղաքացուց հանած ամեն մի փողը կարող էր մուլտիպլիկատիվ օգտագործվեր վաճառքի մեջ, տնտեսության մեջ»:

Այսօր «Հայելի» ակումբում պարոն Բաղդասարյանը եւ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրին՝ ինչ փոփոխություններ կան անշարժ գույքի շուկայում:

Հակոբ Բաղդասարյանի խոսքով, 2018 թ.-ին անշարժ գույքի գները 10%-ով բարձրացել են, ակտիվությունն էլ անշարժ գույքի նկատմամբ՝ 30-40%-ով: Այս տարի սակայն, ըստ Հակոբ Բաղդասարյանի, հնարավոր է, որ ակտիվության ցուցանիշը 2018-ի համեմատությամբ անկում ապրի: Նրա խոսքով, պատճառը հարկային օրենսդրական փոփոխություններն են, որոնք 6 ամիս ուշացած են տեղի ունենում. «Այսինքն` քայլեր կան, որոնք կառավարությունը պետք է հաջորդական անի, ժամանակի առումով էլ հետ չընկնի: Խելացի քայլ կատարելը մեկ բան է, ժամանակին կատարելը՝ երկրորդ գործոնն է, որը շատ կարեւոր է»: Ըստ նրա անշարժ գույքի շուկայի վրա դրականորեն է անդրադառնում եկամտահարկի վերադարձը, որը ներդրվեց նախկին իշխանությունների կողմից եւ ներկա իշխանությունները շարունակում են այն կիրառել: Նաեւ շուկան աշխուժացրել է բանկերի կապիտալի խոշորացումը:

Գագիկ Մակարյանը սակայն գտնում է, որ հիպոթեքի պայմանները դեռ հեռու են բավարար լինելուց, որպեսզի միջին եկամուտներով քաղաքացին կարողանա բնակարան ձեռքբերել՝ այդպիսով նպաստելով անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը: Գագիկ Մակարյանն ասաց,որ ուսումնասիրել է հիպոթեքի շուկան ու վարկավորման պայմանները, տոկոսները, որոնք հիմնականում գտնվում են 12 %-ի միջակայքում. «Հիմնական խոչընդոտներից է 250 հազար դրամ մաքուր աշխատավարձի պահանջը: Այդքան աշխատավարձն առնվազն 320 հազար դրամ պետք է կազմի հարկերով: Իսկ երիտասարդների կամ այսօրվա քաղաքացիների մեծ մասը այդպիսի աշխատավարձ չեն ստանում մեր երկրում: Իհարկե, նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը կարող է մյուս աշխատավարձերի շեմերի վրա էլ ազդել, բայց էականորեն փոփոխություն դեռ չի լինի»:

Գագիկ Մակարյանն անդրադառնալով ներդրումային միջավայրին, ասաց, որ այսօր պետական մարմիններն այնքան էլ դեմքով դեպի ներդրողը չեն, քանի որ տարբեր պետական մարմիններ տարբեր կերպ են ընկալում այդ գործընթացը. «Ներդրողներին սպասարկելու մեկ պատուհան, համակարգ դեռ չունեք: Չնայած ներդրողների մասին օրենքը 25 տարի է գործում է, բայց այդ տարիների ընթացքում մենք չենք հասցրել նման համակարգ ստեղծել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031