Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ծառահատումը քրեականացվում է, իսկ եթե կովկասյան ընձառյուծ որսան՝ 3 մլն-ի փոխարեն 100 մլն-ով տուգանվելու են. Խիստ պատիժներ՝ նոր նախագծով

Հուլիս 08,2019 17:29

Հանրապետությունում ապօրինի անտառահատումները խնդրահարույց են դարձել: Այդ պատճառով այսօր ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովում կառավարությունն առաջարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքով սահմանված սակագները փոխել:

Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը նախագիծ ներկայացնելիս ասաց, որ պատիժները խստացվել են՝ ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Այսինքն, այսուհետ նման արարքի համար սպառնում է նույնիսկ ազատազրկում, գործող օրենքով նման պատիժ սահմանված չէր:

Եթե այդ ամենը լինի մի խումբ անձանց կողմից շահույթ ստանալու նպատակով, պատիժներն ավելի են ծանրանում, այդ դեպքում տուգանքները նույնպես ավելի բարձր են: Հնարավոր է նույնիսկ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:

Քրեականացվել են զգալի վնաս պատճառելու արարքները: Եթե հանկարծ որեւէ մեկի մտքով անցնի Կարմիր գրքում գրանցված կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծ որսալ, 3 մլն դրամի փոխարեն, որը սահմանված էր գործող օրենքում, պետք է վճարի 100 մլն դրամ:

Պատգամավորները Խաչատրյանին հարցրեցին՝ արդյոք տուգանքները եւ պատիժները խստացնելը կարո՞ղ է կանխարգելել, որովհետեւ խնդիրը ոչ թե ավելի խիստ պատժելն է ծառահատումների, կենդանական եւ բուսական աշխարհը վնասելու համար, այլ՝ կանխելը. «Պետք է հասկանանք՝ 5-ից 10 տարի դարձնելը մեզ ի՞նչ կտա, մենք պետք է գործիքակազմ ունենանք, կանխարգելենք, այնպես չի, որ 3-8 տարին տվյալ հանցագործություն կատարողը հաշվի է առնում, որ հիմա սարքենք 10 տարի, չեմ կարծում, որ սա հարցի լուծում է»:

Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, միայն պատասխանատվության միջոցի խստացումը կարող է իրավիճակ փոխել, բայց ոչ մեր ցանկացած չափով: Կիրառվում է նաեւ այլ գործիքակազմ, մասնավորապես, «Դիլիջան» ազգային պարկում ծրագրեր են իրականացվել, մրցույթ է հայտարարվել, գումարներ են բաժանվել բնակչությանը, կիրառվում է շահագրգռելու, կանխարգելելու գործիքը, որ բնակչությունը զերծ մնա խախտումներից: Բայց գործիքներից մեկն էլ պատասխանատվության միջոցների խստացումն է, որովհետեւ վիճակագրությանը որ հետեւենք՝ անտառահատումներն արդեն խիստ մտահոգիչ են»:

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ պատասխանատվության միջոցների խստացումը նաեւ միջազգային պարտավորություն է, պետք է կրկնապատկենք անտառապատ տարածքները, իսկ դա լուրջ առաքելություն է, որը ստանձնել ենք: Դրան հասնելու համար նախ պետք է անտառահատումներից զերծ մնանք:

Նիստը վարող ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ բոլոր ծառերը գույքագրած չունենք, որ ամեն օր հաշվենք, տեսնենք՝ ծառերը պակասե՞լ են, թե՞ ոչ:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031