Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ գնահատեցին իրենց մասնակցությունը եվրոպական խաղերին:
Արթուր Դավթյան. «Ես իմ ելույթը գնահատում եմ շատ լավ, որովհետեւ ավելի լավ ցատկել երեւի չէի կարողանա: Երկու ցատկում էլ վայրէջքին քայլ չարեցի: Դա շատ բարդ է: Բազմամարտում, ինչպես մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, թերություն եղավ իմ ուժեղ գործիքի վրա, որտեղ լավ պիտի հանդես գայի: Եթե ցատկեի այնպես, ինչպես եզրափակչում, 3-րդ տեղն անպայման կնվաճեի: Իմ արդյունքից գոհ եմ: Ուրախ եմ, որ գոհ են նաեւ մարզիչներն ու մարզասերները: Ուրախ եմ նաեւ իմ թիմակից Վահագն Դավթյանի համար, որ արծաթե մեդալ նվաճեց: Կարելի է ասել՝ հենց դա ինձ ոգեւորեց»:
Վահագն Դավթյան. «Ուրախ եմ, որ մեր կատարած աշխատանքը, ժամանակը, որ տրամադրել ենք մարզադահլիճներում եւ ուսումնամարզական հավաքներում, տվեց դրական արդյունք: Սակայն աշխատելու տեղ միշտ կա, միշտ լինում են թերություններ: Մեր մարզաձեւում բացարձակ անթերի կատարումը պարզապես անհնարին է: Ուղղակի պետք է աշխատես քո լավագույն փորձը կատարել, իսկ դրա համար միշտ պետք է աշխատել: Իմ կարծիքով ստացվեց: Արդյունքը՝ չեմպիոն եւ արծաթե մեդալ, ինչի համար շատ ուրախ եմ: Ուրախ եմ, որ բոլորիս համատեղ աշխատանքը դրական արդյունք տվեց»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ