ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը հավաստիացնում է՝ հաճախ դատապարտյալների պահման պայմանները նպաստում են դատապարտյալների մահվանը:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա նշեց, թե մահացության դեպքերում գերակշռում են սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց մահացության դեպքերը ու մանրամասնեց. «2015-2016-ին մենք ունեցել ենք 28 և 29 մահվան դեպքեր, 2017-2018-ին եղել է 17 և 18 դեպք՝ մոտ տասով նվազում է ապրել մահացության թիվը: 2019-ի թիվը դեպի ավելացում է գնում: Եթե նայենք՝ հիմնականում որ հիվանդություններն են գերակշռում, ապա կտեսնենք, որ սիրտանոթային հիվանդություններն են: Նաև պահման պայմաններն են նպաստում մահվանը, օրինակ՝ օդափոխության համակարգի բացակայությունը: Պատահական չէ, որ Արմավիր ու Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը գերակշռում են»:
Ռոբերտ Ռևազյանը բարձրացրեց նաև բուժսպասարկման անհասանելիության հարցը: Նա մտահոգություն հայտնեց. «Կա որոշակի բուժծառայությունների ցանկ, որոնք չեն մտնում անվճար սպասարկման ցանկի մեջ: Եթե անձը սրտի ստենդավորում կամ լուրջ վիրահատություն պետք է տանի, արդեն բուժօգնությունը չի կատարվում. արդյունքում հանգեցնում է մահվան: Իսկ քրեակատարողական հիմնարկների վիճակը նպաստում է, որ հիվանդությունները սրվեն»:
Ըստ Ռոբերտ Ռևազյանի, եթե պետությունը չի կարողանում բուժել անձին, գոնե պետք է ազատություն շնորհիվ, որպեսզի եթե անձը չի կարողանում բուժվել, գոնե վերջին շաբաթները հնարավորություն ունենա անցկացնել իր հարազատների հետ:
Կարդացեք նաև
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Դիանա Հովսեփյանը, հղում կատարելով այն վիճակագրությանը, որ 2017-2018-ին ամենաքիչն են գրանցվել մահացության դեպքեր, նշեց. «Հենց այդ տարիներին էլ ԵԽ և ԵՄ հետ միասին իրականացրել ենք ծրագիր առողջապահության և մարդու իրավունքների ամրապնդումը ՀՀ բանտերում: Ծրագրին երկու տարվա կտրվածքով մասնակցել է 840 ծառայող: Ի տարբերություն 2018-ի՝ 2017-ին մասնակցել են ոչ միայն բուժանձնակազմից, այլև անվտանգությունից, հերթապահությունից, ընդհանուր անձնակազմից ներկայացուցիչներ»:
Դիանա Հովսեփյանն ասաց, որ մեծ խնդիր է քրեակատարողական հիմնարկներում տեխնիկայի բացակայությունը. «Ինչքան էլ մարդիկ մասնակցեն այդ դասընթացներին, եթե համապատասխան պայմաններ չեն լինում, որ բուժօգնություն ցույց տան, ինչպե՞ս կարող են իրենց գիտելիքները ներդնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի