Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյան. «Ուրախ եմ, որ մեր մարզաձեւում տիտղոսակիրներին արժանի փոխարինողներ են աճում»

Հուլիս 08,2019 16:38

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջին մեկ ամսում մեր մարմնամարզիկների միջազգային մրցելույթների մասնակցության մասին եւ ամփոփելով Մինսկում կայացած Եվրոպական խաղերը՝ ասաց. «Մեկ ամսում մենք մասնակցեցինք երեք շատ խոշոր միջազգային մրցումների՝ աշխարհի երիտասարդների առաջնություն, Եվրոպական խաղեր, որն ամենակարեւորն էր եւ Համաշխարհային ունիվերսիադա:

Սկսեմ Եվրոպական խաղերից: Ի տարբերություն նախորդի՝ Բաքվի խաղերի, Մինսկում սպորտային մարմնամարզության մակարդակն անհամեմատ բարձրացված էր: Մասնակցում էին միայն ուժեղագույնները: Պետք էր որակավորում ունենալ: Մենք ունեցանք երեք մասնակից: ՀԱՕԿ-ի աջակցությամբ մեր երեք տղաները՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը, ինչպես նաեւ Արթուր Ավետիսյանը, որը պետք է մասնակցեր համաշխարհային ունիվերսիադային, 14-օրյա հավաք անցկացրին Թբիլիսիում, ինչը մեծ դեր կատարեց տղաների ցույց տված բարձր արդյունքների գործում: Իհարկե, մենք մեդալների ակնկալիքներ ունեինք, բայց այն ինչ եղավ, գերազանցեց սպասելիքները: Եթե անկեղծ ասեմ, հենացատկերում չեմպիոն դարձած Արթուր Դավթյանն արեց անհնարինը: Երկու այն ցատկերը, որ նա կատարեց, աշխարհում շատ քիչ է լինում: 15.016 արդյունքը վստահաբար աշխարհի ու օլիմպիական խաղերի մեդալ է: Չմոռանանք, որ Արթուրը 2-րդ տեղով եզրափակիչ էր մտել նաեւ բազմամարտում եւ 3-րդ տեղը գրավելու հնարավորություն ուներ:

Վահագն Դավթյանը դեռ մինչեւ Եվրոպայի առաջնությունը վնասվածք ուներ՝ ուսի մկանաթելն էր պոկվել: Մինսկում ձգտումն այնքան շատ էր, որ ինքն անտեսեց դա ու մենք էլ, ասես, մոռացել էինք այդ մասին: Վահագնը արեց իր ամենալավ կատարումներից մեկը եւ աննշան զիջեց օղակների վրա հաղթող ճանաչված իտալացի մարզիկին:

Երիտասարդների մասին: Գագիկ Խաչիկյանը, որ Եվրոպայում նժույգթափերում 3-րդ տեղ էր գրավել, առաջին անգամ անցկացված այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում ճանաչվեց 4-րդը: Ինչի համար եմ ուրախ: Հարություն Մերդինյանին, որը դեռ մասնակցում է աշխարհի առաջնությանը, մենք արդեն ունենք փոխարինող:

Շատ ուրախ եմ, որ երեկ Արթուր Ավետիսյանը համաշխարհային ունիվերսիադայում հաղթեց օղակների վրա վարժությունում, թեեւ 2-րդ տեղով էր մտել եզրափակիչ: Ինձ ուրախացնում է, որ մեր տիտղոսակիր մարզիկների արժանի փոխարինողներ են աճում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031