Հուլիսի 9-ից 19-ը ՀՀ մարզերի եւ Արցախի շրջանների հարյուր երեխաներ եւ երիտասարդներ՝ մինչեւ 18 տարեկան, իսկ հաջորդ փուլում՝ 18-35 տարեկան, Արցախում մասնակցելու են վրանային ճամբարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին նախաձեռնության հեղինակ-պատգամավորները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ Շուշիում կայանալիք ճամբարի նպատակն է միջմշակութային կապերի հաստատումը եւ փոխադարձ ճանաչողությունը. «Մասնակիցներին հնարավորություն ենք ընձեռելու միասին ծանոթանալ միջմարզային մշակույթին եւ առանձնահատկություններին: Նրանք իրար ավելի մոտիկից կճանաչեն եւ կկարողանան ավելի սերտ համագործակցել իրար հետ: Կարեւոր է, որ այս ծրագրին պետք է մասնակցեն ոչ միայն պատանիները, այլեւ երիտասարդները՝ ապագա զորակոչիկները: Հնարավոր է՝ նրանք Արցախում ծառայեն, եւ նախապես ծանոթանալով Արցախին՝ դա օգտակար կլինի նրանց համար»:
«Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ վերջերս Սոֆյա Հովսեփյանի հետ գործուղմամբ Արցախում էին, ինչից հետո ցանկացան նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Ծրագրի ֆինանսավորողներն են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ Արցախի իշխանությունները: Կարեւոր թիրախներից է «հայաստանցի-արցախցի» անհիմն շահարկումները վերացնելը: Դա անելու լավագույն միջոցը շփումների կազմակերպումն է»:
Կարդացեք նաև
Սոֆյա Հովսեփյանն էլ հավելեց. «Կարծրատիպ կա, թե շիրակցին չի ընկալում տավուշեցուն, իսկ վերջինս՝ արցախցուն: Ուզում ենք ասել, որ բոլորս մի ազգ ենք, եւ չհաղորդակցվելու պատճառով են նման խնդիրներ առաջանում»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/628562817641717/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ