«Ես կարծում եմ, որ դատական իշխանությունից ավելի կտրուկ ձեւով պետք է հեռացվեն նախկին իշխանության բոլոր այն տարրերը, որոնք որ խոչընդոտում են առաջընթացին: Կառավարությունն ու ԱԺ-ն արդեն արվել է»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը`մասնավորեցնելով. «Օրինակ, բոլոր այն իշխանավորները, որոնք որեւէ ձեւով արդարացրել են 800 հա-ի կորուստը, բոլորը պետք է հեռացվեն: Այն քաղաքական ուժերը, ովքեր որ մատների արանքից են նայել կամ չնկատելու են տվել 800 հա-ի կորուստը եւ մեր զինվորականներ կորուստը`պետք է հեռացվեն»:
«Իսկ այն քաղաքական ուժը, այն իշխանությունը, որը հաղթել է ապրիլյան պատերազմը, կանգնեցրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, այդ ուժերին ի՞նչ անենք»,- հակադարձեց քննարկման մասնակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Էն շուբաներ հագած տոտաները, որ գնում լուսանկարվում էին դիրքերում`նրանց մասի՞ն էիք ասում»,- հարցրեց Ազատ Արշակյանը: Հնչեց Մարգարիտ Եսայանի հակընդդեմ հարցը եւ դիտարկումը. «Այսօրվա շուբաներ հագած տոտաներին չե՞ք տեսնում, այսօրվա մերկ պարանոցներին չե՞ք տեսնում: Այդ շուբաներով տոտաներն ավելի անվտանգ էին, քան այսօրվա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները»: Ազատ Արշակյանն էլ ետ չմնաց`նկատելով. «Նրանք Մոնումենտի դղյակներից են վտանգավոր: Նրանք այնտեղ են տարել պաշտպանական զենքը…»: Մարգարիտ Եսայանն էլ շարունակեց. «Իսկ Դուք համաձա՞յն եք, որ Ալիեւը կիրթ է, որ Արցախի կարեւորագույն հարցը վերելակում պետք է լուծվի, համաձա՞յն եք, որ տիկին Աննա Հակոբյանը խաղաղության կոչ է անում հայերին, փոխանակ այդ խաղաղության կոչն անի Ադրբեջանին»:
Ազատ Արշակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն որեւէ կապ չունի ապրիլյան հաղթանակի հետ, ասելով, որ այդ հաղթանակը բանակի նվաճումն է: Մարգարիտ Եսայանն էլ կրկին հարցեր ուղղեց. «Իսկ ո՞վ է ստեղծել այդ բանակը`Նիկո՞լն է ստեղծել, Աննա՞ն է ստեղծել, ԼԳԲՏ համա՞յնքն է ստեղծել, Ստամբուլյան կոնվենցիա՞ն է ստեղծել»:
Կարդացեք նաև
Բանավեճի այլ մանրամասները`տեսանյութում
Մարգարիտ Եսայանն, ի դեպ, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը խաբում է`ասելով, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի կամքով: Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել «ԼԳԲՏ-ների դաբրոյով»: Նախկին պատգամավորը գտնում է, որ հասարակությանը պետք է ահազանգենք, որ Ստամբուլյան կոնվենցիային ասի ոչ, իսկ ոչ կարող է ասել`իշխանությանը ոչ ասելով:
Ազատ Արշակյանն, ի դեպ, համամիտ է, որ Ալիեւը կիրթ մարդ է, բայց համարում է, որ նա բարեկիրթ չէ: Իսկ թե ինչո՞ւ է կողմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի խորհրդարանում`տեսանյութում:
Արդեն բանավեճի ավարտին, Ազատ Արշակյանը հակադարձելով Մարգարիտ Եսայանի այն տեսակետին, որ գործող իշխանությունը լույսի արագությամբ իրականացնում է քայլեր, որոնք հակասում են ՀՀ-ին, հարցրեց. «Բա ինչո՞ւ իշխանությունը հանձնեցիք, մայիս 1-ին, 8-ին, ինչո՞ւ հանձնվեցիք»: «Շատ լավ հարց տվեցիք, որը թողնում եմ անպատասխան»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ