ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած՝ գիրք կարդացող դատապարտյալների համար արձակուրդ կամ տեսակցություն նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ հրավիրված ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նշեց. «Գաղափարը լավն է, բայց իրագործման տեսանկյունից տեխնիկական որոշ խնդիրներ կան, որոնք հետագայում հնարավոր է լուծել»:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանն էլ նշեց՝ դատապարտյալին կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ տրամադրվում են ամսական մեկ կամ երկու անգամ. «Սահմանափակվում է միայն «բացասական» բնութագրվող դատապարտյալների տեսակցությունների իրավունքը: Եթե դատապարտյալն աչքի չի ընկել բացասական վարքագծով, նրա տեսակցության իրավունքն անսահմանափակ է: Եթե արդեն իսկ առկա երկարատեւ ու կարճատեւ տեսակցություններին ավելանան հավելյալ՝ ընթերցանությամբ խրախուսված տեսակցություններ, կոտնահարենք մյուս դատապարտյալների իրավունքները, որոնք հերթագրված են երկարատեւ տեսակցության համար: ՔԿՀ-ներում երկարատեւ տեսակցությունների սենյակները բավարար չեն»:
Քոչինյանը հարցադրում արեց. «Արդյոք կունենա՞նք օբյեկտիվ գործիքակազմ՝ սահմանելու այն գրքերը, որոնք կնպաստեն անձի վերասոցիալականացմանը»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն իր կողմից գրքերի ցանկի առաջարկ արեց. «Հովհաննես Թումանյանի եղած-չեղածը՝ մինչեւ «Կիկոսի մահ», եւ Համո Սահյան»:
Կարդացեք նաև
Հայկ Քոչինյանը հավելեց. «Խոսվեց մեր մեծ գրողների մասին, բայց արկածային գրականությունը եւ համաշխարհային գրականությունը եւս կարող են նպաստել անձի վերասոցիալականացմանը: Ստուգող հանձնաժողովի անդամները պետք է կարդացած լինեն այդ գիրքը՝ առնվազն մեկ շաբաթ առաջ»:
Պաշտոնյան նաեւ նկատեց, որ ոչ բոլոր դատապարտյալներն են սիրում ընթերցանությամբ զբաղվել. «Շատերը սիրում են սպորտով, մարմնամարզությամբ, կրոնական հավաքներով զբաղվել, ուստի մեկ՝ ընթերցանության բաղադրիչին գերակայություն տալը որքանո՞վ է ճիշտ»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է հայտնվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, քննարկվի եւ քվեարկվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ