ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով, անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին հետո, ներքաղաքական կյանքը ի սկզբանե աղավաղվեց, դուրս եկավ քաղաքական գործընթացների տրամաբանությունից, «անունը դրեցին ժողովրդի իշխանություն», մինչդեռ իրականում աշխարահաքաղաքական հանձնարականի վերածվեց: Խորհրդարանի աշխատանքը նա գնահատում է անլուրջ`նկատի ունենալով ԲԴԽ անդամի`«Իմ քայլի» առաջարկած թեկնածուի չընտրվելը հենց իշխող մեծամասնության կողմից, քանի որ պատգամավորներից շատերը քվեարկությանը չէին մասնակցում:
Այսօր տեղի ունեցող եւ մանրուք թվացող շատ բաներ`ՍԴ-ի վրա հարձակումներ, կոնկրետ կոնվենցիաների վավերացումներ (նկատի ունի վիճահարույց Ստամբուլյան կոնվենցիան-Ն. Գ) Մարգարիտ Եսայանը պատահական քայլեր չի համարում: Նրա գնահատմամբ, Հայաստանի կյանքը նպատակաուղղված տանում են մեկ կետի`ՀՀ-ի ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացներն աղավաղելուն, անլրջացնելուն. «Որպեսզի հարմար պահի, այդ անլուրջ գործընթացների արդյունքում, ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը հայտարարի`չի կարողանում տիրապետել իրավիճակին, ինչի պատճառով, օրինակ, Աստված մի արասցե, սահմանին լայնածավալ գործողություն սկսվեց, քաղաքացիական բռնկում տեղի ունեցավ Քոչարյանի եւ իշխանության կողմնակիցների միջեւ եւ այլն: Սրանք կոնկրետ ապակայունացնող քայլեր են Հայաստանում, որպեսզի իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանն իրականացնի այն քայլերը, որոնց համար ինքը եկել է իշխանության»: Նա հասարակությանն ահազանգում է` լինել աչալուրջ, քանի որ մեզ շատ խութեր են դեռ սպասվում:
Մանրամասները`շուտով տեսանյութում
Քննարկման մյուս բանախոս, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համամիտ է Մարգարիտ Եսայանի հետ այն իմաստով, որ Հայաստանը մտել է աշխարհաքաղաքական նոր գործընթացի մեջ եւ «կուրսը փոխվել է»: Նա կարծում է, որ համաշխարհային կյանքին Հայաստանի ինտեգրմանը խանգարում էր հին համակարգը եւ չգրված շատ օրենքներ. «Հայաստանում արմատական փոփոխություններ են լինում, բայց թավշյա: Այս մասշտաբի փոփոխությունները շատ ավելի կոշտ են լինում: Մեզ մոտ դա թավիշ է, այդ պատճառով ձգձգվում է: Մի առումով, լավ է, որ ժամանակին համընթաց պետություն ենք դարձնում մեր պետությունը, չենք կարող կղզիանալ, մեկուսանալ, պետք է լինենք գլոբալ աշխարհի հետ ինտեգրված»
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանը միջամտեց. «Դուք այլախոհ մարդ եք, սովետի դեմ պայքարած մարդ եք, ո՞նց կարող եք ասել, որ այս թավիշը մեզ ինտեգրում է համաշխարհային գործընթացներին: Ես վստահ եմ, որ դուք դեմ եք այս թավշյան այն «ինտեգրմանը», որը կքայքայի հայ ավանդական ընտանիքը, եկեղեցին, բոլոր ավանդույթները, որ հայկական պետականությունն ունեցել է: Թավիշը ինտեգրման համար չէ, թավիշն այլ բանի համար է եւ թավիշն էլ է խաբուսիկ: Եթե ձեզ թվում է, թե այդ երիտասարդները թավշյա տրամադրությամբ են գնացել նախագահական, կամ թավշյա տրամադրությամբ են տարբեր սեռական կողմնորոշում ունեցող որոշ պատգամավորներ փորձում պլստացնել ստամբուլյան կոնվենցիան… ի՞նչ ինտեգրման մասին է խոսքը»:
Ազատ Արշակյանը հստակեցրեց. «Ես դեմ եմ հայկական ավանդական հարաբերությունների ոչնչացմանը`մեր ընտանիքը, պետությունը, հավատքը լեզուն եւ այն ամենն ինչ կոչվում է հայկական, անձեռնմխելի են: Ինտեգրացիա ասելով ես նկատի ունեի քաղաքական այն միջավայրը, որը նպաստում է Հայաստանի առաջընթացին եւ զարգացմանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ