Այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի Երևան քաղաքում աղբահանության աղետալի վիճակի` տոպրակներով աղբ տեղափոխեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ի պատասխան քաղաքացիների իրավաչափ բողոքի` ՀՀ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին (որոնց թվում` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների) բերման ենթարկեց ոստիկանության բաժանմունք:
Ոստիկանության բաժնում քաղաքացիներին հայտնել են, որ բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու համար, մինչդեռ այդ հատկանիշներով ոստիկանները քաղաքային իշխանության պաշտոնյաներին պետք է բերման ենթարկեին, որոնց մեղքով` արդեն տևական ժամանակ մեր մայրաքաղաք Երևանը, փողոցներն ու բակերը թաղված են աղբի ու գարշահոտության մեջ:
Տեղի ունեցածը վկայում է, որ ներկայիս քաղաքապետը ոչ միայն զլացել է իր անմիջական պարտականությունը և նախընտրական խոստումը («Մաքրելու ենք») կատարելուց, այլև որ` ՀՀ «հեղափոխական և ժողովրդավար» իշխանությունը շարունակում է նախկին ռեժիմի գործելակերպը` ոստիկանության միջոցով բերման է ենթարկում խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների: Ըստ էության` սա գեներալ-մայորի կոչում ստացած Ոստիկանության պետի առաջին «հաջող» քննությունն էր:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ապօրինաբար բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության գործունեությունը և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց, նաև հիշեցնում «թավշյա» կառավարությանը, որ մի օր գալու է սեփական ժողովրդին բազմաթիվ չիրականացված խոստումներով մոլորեցնելու համար պատասխան տալու ժամը:
Կարդացեք նաև
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
08 հուլիսի 2019թ.
Երևան