Երեւանի քաղաքապետարանի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ աղբ էին տարել՝ ի նշան ոչ պատշաճ աղբահանության բողոքի:
https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2439203809700195/
Բողոքի ցույցի մասնակիցներից 8 անձի ոստիկանները բերման են ենթարկել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի, նրանք բերման են ենթարկվել խուլիգանության համար, այս պահին բերման ենթարկվածները ոստիկանության բաժնում են, նյութեր են պատրաստվում:
Բողոքի ցույցի մասնակիցներից էր նաեւ Սոնա Աղեկյանը, որը նախկինում ավագանու անդամ էր «Երկիր Ծիրանի» խմբակցությունից: Բողոքի ցույցի մասնակիցներն ասում էին, որ ցույցի նպատակն է՝ Երեւանը չպետք է վերածվի աղբավայրի: Նրանք տոպրակներով աղբը դատարկեցին քաղաքապետարանի մուտքի մոտ ու հայտարարեցին. «Պատրաստվեք ավելի վատին: Վայելեք աղբը: Մի ելք կա՝ քաղաքապետարանի աշխատակիցներով փակում ենք քաղաքապետարանը ու բոլորովդ գնում ենք աղբը հավաքելու, թե չէ վաղն ավելի շատ մարդկանցով ենք աղբ բերելու»:
Կարդացեք նաև
Սոնա Աղեկյանն էլ հայտարարեց. «Սիրելի քաղաքացիներ, մենք սպասում ենք ձեր հաջորդ ահազանգերին, այն վարչական շրջանների աղբն ենք մաքրելու, որը 20 օրից ավելի տեղում է եւ բերելու ենք մեր շատ սիրելի կոմիկ դերասան, բայց, կներեք, չսիրելի քաղաքապետ Հայկ Մարությանին»: Աղեկյանն ասաց, որ Մարությանը նախընտրական շրջանում տված իր խոստումը չի կատարում, աղբահանության խնդիրը չի լուծվում (լուսանկարը՝ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակից):
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։
Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, եւ հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային եւ տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երեւան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթեւացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, եւս 10-ի գնումը ընթացքի մեջ է։
Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում եւ պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, եւս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար եւ խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ